Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:
Բնականաբար, դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե.
- Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,
- Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:
Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են.
- սեռական ցանկության նվազում,
- սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ,
- օրգազմի բացակայություն,
- զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա:
Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխություններից: Ոչ կայունլ հորմոնալ ֆոնը պատճառ է դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից են.
- գերգրգռվածությունը,
- հաճախակի լացը,
- անհանգստության մշտական զգացողությունը,
- ոչ կայուն էմոցիոնալ վիճակը,
- հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները,
- անքնությունը,
- քրոնիկ հոգնածությունը:
Հարկ է նշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, ինչը հարկ է անպայման տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:
Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջացնում, այդ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում: