Բազմաթիվ գիտական տվյալներ են վկայում երեխաների մոտ բնածին ախտաբանությունների առաջացման և նրանց հոր տարիքի միջև կապի մասին: Ջորջ Թաուն համալսարանի գիտնականները պնդում են, որ մանկական օրգանիզմի արատները հանդիսանում են էպիգենետիկական փոփոխությունների արդյունք, որոնք կարող են սերնդեսերունդ փոխանցվել: Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է American Journal of Stem Cells-ում:
«Մենք գիտենք, որ հղիության ընթացքում հորմոնային գործոնները և կնոջ հոգեբանական վիճակը ազդում են երեխայի առողջության վրա: Սակայն մեր նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն արդարացի է նաև հոր նկատմամբ: Տղամարդու տարիքը և կենսակերպը ազդում են գեների ֆունկցիան վերահսկող մոլեկուլների վրա», — ասում է աշխատանքի առաջատար հեղինակ Ջոաննա Քիթլինսկան:
Օրինակ, երեխայի մոտ կարող է հաստատվել պտղի ալկոհոլային համախտանիշը, թեև երեխայի մայրն ընդհանրապես սպիրտային խմիչք չի ընդունել: Ինչպես ապացուցվում է կատարված աշխատանքում, պտղի ալկոհոլային համախտանիշով երեխաների 75%-ի հայրը ալկոհոլիկ է:
Գիտնականների զեկույցը հիմնվում է մեծաքանակ փաստերի վրա, որոնք հաստատում են սերունդների էպիգենետիկական փոփոխությունների մեջ հայրերի ներդրումը: Ներկայումս հաստատված է հոր տարիքային փոփոխությունների և երեխայի մոտ շիզոֆրենիայի, աուտիզմի և բնածին արատների առաջացման հավանականության միջև կապը:
Իսկ հոր ճարպակալումը կարող է նպաստել երեխայի մոտ նյութափոխանակության խանգարման, դիաբետի և նույնիսկ ուղեղի քաղցկեղի առաջացմանը : Եթե տղամարդը սթրեսների է ենթարկվում, դա բարձրացնում է նրա սերնդի մոտ հոգեկան խանգարումների ռիսկը: Հոր ալկոհոլամոլությունը, որպես կանոն, բերում է նորածնի քաշի նվազման, ուղեղի ծավալի փոքրացման և ճանաչողական ունակությունների վատացման:
Իսկ լավ լուրը այն է, որ դեռահասային տարիքում տղայի առողջ սնուցումը կարող է նվազեցնել երեխաների և թոռների մոտ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը:
«Հայրության էպիգենետիկայի նոր տվյալները պետք է հաշվի առնել կլինիկական ուղեցույցների մշակման ժամանակ: Տղամարդիկ նույնպես կարող են իրենց համար անհրաժեշտ եզրակացություններ անել: Հետագա ուսումնասիրությունների ժամանակ հաշվի կառնվեն երեխայի վրա երկու ծնողների էպիգենետիկական ազդեցությունները՝ հոր և մոր ներդրումներն առանձին դիտարկելու փոխարեն», — հայտարարեց Քիթլինսկան: