Ուժեղ երեխան կարող է շատ անկախ լինել, տարիքին անհամապատասխան խելացի, բայց, միևնույն է, նա մոր և հոր ուշադրության կարիքն ունի
Եթե ձեր երեխան համառ է կամ նույնիսկ կամակոր, հնարավոր է, որ նա պարզապես կամքի մեծ ուժ ունի։ Ուժեղ երեխաները համաձայն են ապրել միայն իրենց սեփական կանոններով։
Իհարկե, այդպիսի երեխան ծնողների համար հեշտ փորձություն չէ։ Բայց ուժեղ երեխան բազմաթիվ առավելություններ ունի, որոնք նրան օգնում են իր հետագա կյանքում։
Ահա այն նշանները, որոնք հուշում են, որ դուք ունեք ուժեղ երեխա։
Նա սիրում է հրամայել։
Ուժեղ երեխաները սիրում են իրենց գլխավորը զգալ։ Չնայած այն բանին, որ դուք ծնող եք, ով իրենց համար վճարում է, նրանց դուր չի գալիս ենթարկվել այլոց կամքին։ Երեխային հիշեցրեք ընտանիքում ունեցած իր տեղի ու այն մասին, որ նա պետք է վստահի մեծերին։
Նա բարձրաձայն հիստերիաներ է սարքում։
Գրեթե բոլոր երեխաները ժամանակ առ ժամանակ հիստերիաներ են սարքում, երբ նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, բայց ուժեղ երեխաները դա արվեստի աստիճանի են հասցնում։ Նրանց հիստերիաները երկարատև են, քանի որ նրանց համար դժվար է կառավարել սեփական զգացմունքները։ Նրանք գոռում են ու նույնիսկ կռվում։ Սովորեցրեք նրանց հանգստանալ, խորը շնչել, հաշվել մինչև 10-ը, հանգիստ երաժշտություն լսել և այլն։
Նա հաճախ է վիճում։
Եթե դուք երբևէ մտել եք երեխայի հետ անվերջ վեճի մեջ, ապա դուք գիտեք, որ դա կասկածելի հաճույք է։ Բավական է, որ ուժեղ երեխան կառչի ինչ-որ գաղափարից, և դուք այլևս նրան հակառակում չեք համոզի։ Հասուն կյանքում այդ որակը շատ օգտակար կարող է լինել, բայց մանկական տարիքում այն միայն անհարմարություններ է ստեղծում։ Ուժեղ երեխայի հետ վիճելիս նրան հաղթելու լավագույն եղանակը վերջինիս ընտրություն առաջարկելն է։
Նա չի նահանջում։
Եթե դուք նրան ինչ-որ հարցում մերժում եք, ուժեղ երեխան այնքան կզզվեցնի ձեզ, քանի դեռ դուք չեք համաձայնել։ Նա կենտրոնանում է դրա վրա ու մերժումներ չի ընդունում։ Գործը կարող է հասնել հիստերիաների, բայց ձեզ համար գլխավորը չնահանջելն է, այլապես նա կզգա ձեր թույլ կողմը։
Նա շատ անհամբեր է։
Ուժեղ երեխայի համար սպասումից ավելի տանջալի ոչինչ չկա։ Նա ուզում է ամեն ինչ և միանգամից, քանի որ ի վիճակի չէ վերահսկել իր իմպուլսները։ Դրա համար էլ նա հաճախ խցկվում է առանց հերթի։ Ուժեղ երեխային համբերատարություն սովորեցնելը հեշտ գործ չէ։ Փորձեք թայմեր դնել ու սեղանի այնպիսի խաղեր խաղալ, ուր պահանջվում է հերթով քայլ անել։
Նա ձեզ անհարմար դրության մեջ է դնում իր ուզածին հասնելու համար։
Աստված մի արասցե, որ դուք հասարակական վայրում վիճեք ուժեղ երեխայի հետ։ Նա ոչ միայն հիստերիա կբարձրացնի, այլև ձեզ կստիպի հիշել բոլոր մեղքերը, որոնց փոխարեն դուք այսպիսի երեխա եք ունեցել։ Ուժեղ երեխաները միշտ գիտեն, թե որ կոշտուկին սեղմեն, որ մեծերին դնեն ամենաանհարմար դրության մեջ։ Սովորեք չարձագանքել դրան։
Նա շատ պահանջկոտ է։
Երբեմն ձեր պատկերացումներն այն մասին, թե ինչ է պետք երեխային, ծայրահեղորեն տարբերվում են նրա սեփական պատկերացումներից։ Ուժեղ երեխաների համար դժվար է դուրս գալ սեփական մտքերի ու ցանկությունների սահմաններից։ Սովորեք խրախուսել նրանց լավ վարքը, բայց տուրք մի տվեք յուրաքանչյուր կամակորության։
Նա ընտրողական լսողություն ունի։
Իհարկե, սա կարելի է ասել երեխաների մեծ մասի մասին. եթե երեխան չի ուզում ինչ-որ բան լսել, նա չի լսում։ Երբ դուք ուժեղ երեխային հանձնարարում եք սենյակը կարգի բերել, նա պարզապես չլսելու է տալիս դա։ Բայց եթե խրախուսեք նրան, կտեսնեք, թե ինչպես է համառությունը փոխարինվում ուշադրությամբ։
Նա հազվադեպ է դառնում այլոց ծաղրանքի զոհը։
Որոշ երեխաներ հաճախ բախվում են ավելի ուժեղ կամ զարգացած իրենց հասակակիցների ծաղրին։ Բայց ուժեղ երեխաների հետ դա հազվադեպ է պատահում։ Սովորաբար նրանք իրենց ընկերախմբերի առաջնորդներն են։ Նրանք հեշտ են ընկերներ գտնում, իսկ այլոց կարծիքը նրանց հետաքրքիր չէ։
Նա շատ բանի է հասնում։
Ամենից հաճախ ուժեղ երեխաները մյուսներից տարբերվում են ապշեցուցիչ, ականավոր ինտելեկտով։ Ուսուցիչները նրանց հասցեին գովեստի խոսքեր են շռայլում դասարանում օգնելու ու առաջադրանքների վաղաժամ կատարման համար։ Ուժեղ երեխաները միշտ հասնում են իրենց նպատակներին ու սովորաբար հաջողակ են կյանքում։ Ինչպես տեսնում եք, համառությունը նաև լավ կողմ ունի։
Նա տրամադրության կտրուկ վայրիվերումներ է ունենում։
Ուժեղ երեխաները մի վիճակից մյուսին անցում ավելի արագ են կատարում, քան իրենց հասակակիցներից շատերը։ Նրանք շատ խորն են զգում ու չեն կարողանում ճնշել իրենց էմոցիաները։ Նրանց սովորեցրեք հասկանալ սեփական զգացմունքները. առանց ծնողական օգնության՝ նրանք երբեք չեն կարող դրանք վերահսկողության տակ պահել։
Նա ապացուցում է, որ կատարյալ ծնողներ գոյություն չունեն։
Ինչպես էլ որ դուք պատրաստվեք երեխայի ծնունդին, որքան խելացի գրքեր էլ որ կարդաք, ուժեղ երեխան, միևնույն է, կգտնի ձեզ անակնկալ մատուցելու եղանակը։ Նույնիսկ փորձառու ծնողները հաճախ շփոթվում են՝ բախվելով ուժեղ երեխայի հետ։ Ինչո՞ւ առաջին երեխան 5 րոպեում էր հանգստանում, իսկ այս մեկին 20-ն էլ բավարար չէ։ Ավաղ, կատարյալ ծնողներ չկան։ Դուք ստիպված եք հընթացս հարմարվել յուրաքանչյուր երեխայի պահանջմունքներին։
Նա ձեզնից անվերապահ ուշադրություն է պահանջում։
Ուժեղ երեխան կարող է շատ անկախ լինել, տարիքին անհամապատասխան խելացի ու ճանաչված՝ դպրոցում, բայց, միևնույն է, նա մոր և հոր ուշադրության կարիքն ունի։ Ուժեղ երեխաները շատ են գնահատում ծնողների հետ անցկացրած ժամանակը և սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Մի մոռացեք նրանց ձեր սերը ցույց տալ։ Դա կօգնի՝ նրանց արժանավոր մարդիկ մեծացնել, այլ ոչ՝ համառ եսասերներ։
Նա սիրում է իմանալ, թե ինչո՞ւ…
Բոլոր երեխաներն իրենց զարգացման ընթացքում անցնում են «ինչո՞ւ»-ի փուլը։ Եվ չնայած դա սովորաբար հաճելի է, ուժեղ երեխաներն իրենց հարցերով կարող են ծնողներին կատաղության հասցնել։ Բանն այն է, որ նրանք այդ հարցը տալիս են ձեր յուրաքանչյուր որոշման կապակցությամբ, ու նրանց համար բավական չէ «որովհետև ես այդպես ուզեցի կամ ասացի» բացատրությունը։
Նա անում է միայն այն, ինչ ինքն է ուզում։
Դարեր ի վեր ծնողները բողոքում են, որ երեխաները միշտ անում են այն, ինչ ուզում են։ Եթե դուք ուժեղ երեխա ունեք, ուրեմն գիտեք, որ նա անում է միայն իր ուզածը, անում է այն ժամանակ, երբ ուզում է, և դա չի քննարկվում։ Դա շատ հոգնեցուցիչ է, բայց փոխարենը՝ օգտակար է ուղեղի զարգացման համար, եթե, իհարկե, նա չի ուզում կամրջից թռչել կամ այդ կարգի մի ուրիշ բան։
Նա ապրում է իր օրակարգով։
Շատ ծնողներ մտահոգվում են, երբ երեխան որոշակի տարիքում չի անում այն, ինչ պետք է անի։ Ուժեղ երեխաները ոչ մի դեպքում ոչինչ չեն անի, քանի դեռ դրան պատրաստ չեն։ Նրանք ամեն ինչ իրենց օրակարգով են անում ու իրենց ցանկությամբ, ինչ էլ որ դա լինի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը