Կյանքի 88-րդ տարում Նյու Յորքում վախճանվել է երկրաբան եւ կլիմայագետ Ուոլես Բրոքերը՝ որը համարվում է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիական համալսարանի ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ գիտնականը մահացել Է փետրվարի 18-ին քաղաքային հիվանդանոցներից մեկում:
Բրոքերը ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 29-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Նա ավարտել է Կոլումբիական համալսարանը եւ մնացել այնտեղ՝ դասավանդելու երկրաբանության եւ շրջակա միջավայրի ամբիոնում: Իր կյանքի ընթացքում Բրոքերը գրել է 500-ից ավելի հոդվածներ ու 14 գիրք: Գիտնականին համարում են «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակն ու տարածողը, որը նա ավելի ուշ ինքն էլ քննադատել է: 1975 թվականին Բրոքերն առաջին անգամ այդ տերմինն օգտագործել է Science գիտական հանդեսի համար իր հոդվածում՝ այդ կերպ անվանելով կլիմայի վրա մարդու ներգործության հետեւանքները: