Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«ԱՍՏՎԱԾ ԷՂԱԾՆ ՕՐՀՆԻ»
Հայրիկը հայտնի էր նաեւ որպես թամադա: Կյանքի առաջին շրջանում քեֆերը դուրսն է արել. տանը ո’չ հարմարություն է ունեցել, ո’չ հնարավորություն: Տան հրավերքները սկսվել են Վերնատան ժամանակից:
Մեր տան ճաշկերույթների թամադան մինչեւ 1911 թ. Աղայանն էր, իսկ Աղայանների տանը` հայրիկը: Այդ ժամանակների հայրիկն իր հեքիաթի ուրախ Հասանն էր: Չունեցած տեղն էլ քեֆ էր անում:
Հայտնի է եւ մերձավորները գիտեն, որ նա իր քեֆերը պարտքով է արել կամ ձեռն ընկած պատահական գումարով: Ուստի եւ քեֆի ժամանակ ասում էր. «Բանը մարդու սիրտն է… դու քո սիրտը ուրախ պահիր, քեֆ արա, փողն ինչ է, որ մարդ փողի մասին մտածի»:
Ինքն ուրախ էր ապրում, ուրիշներին էլ ուրախացնում էր եւ սովորեցնում աշխարհում ուրախ ապրել: Սիրում էր ասել. «Ես իմ հոր զվարթությունիցն ունեմ»: Քիչ էր ուտում, հյուրասիրում էր հյուրերին ու զբաղեցնում: Ասում էր, խոսում, կենացներ խմում, զանազան դեպքեր ու անեկդոտներ պատմում: Ինքը քիչ էր խմում, ավելի ձեւի համար. խմեցնում էր հյուրերին:
Նրան քչերն էին ճանաչում. շատ քչերին էր հայտնի նրա դժվարին կյանքը: Նրա պայծառ ժպիտը, վեհ ու հանգիստ բնավորությունը, զվարթ զրույցը թաքցնում էին իր վշտացած հոգին: Շատ բնորոշ է սրտի խորքից բխած իր բացականչությունը. «Դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման»: Նա իր կյանքում ապրեց այդ դրաման:
Սովորություն ուներ տոն օրերին հյուրեր հրավիրել ճաշի կամ ընթրիքի. հրավիրում էր հատկապես գավառներից եկած ծանոթ ուսուցիչներին կամ մայրաքաղաքից եկած ուսանողներին, պարզապես մենակ մարդկանց, որոնք տուն ու ընտանիք չունեին: Երբ նման օրերին ձեռքին դրամ չէր լինում եւ ոչ էլ պարտք անելու հնարավորություն` հիվանդ էր ձեւանում ու պառկում: Նրա հայտնի քեֆերն ու ժամանցները ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր եւ’ իրեն, եւ’ ուրիշներին:
Հայրիկը շատ ժամանակ էր վատնում դրամ հայթայթելու վրա: Չնայած մայրիկի ծնողների օգնությանը, տան կարիքներն անպակաս էին: Եւ միշտ պարտք էր վերցնում: «Պոետն ու Մուսան» պոեմի խոսքը իրական վիճակի արտացոլումն է.
«Վեր կենամ, ասի, մեկի մոտ գնամ,
Կրկին պարտք անեմ, գլուխը քարը…»
Իրոք, պարտքով էր կարողանում պահել եւ’ ընտանիքը, եւ’ քեֆեր սարքել ու հյուրասիրել, եւ’ շատերին օգնել: Պարտքով փող էր վերցնում ու տալիս կարիքավորներին: Ծանոթ էր Թիֆլիսի բանկերի բոլոր դիրեկտորներին: Նրանք սիրով ու հարգանքով էին վերաբերվում բանաստեղծին, օգնում էին, նրա համար ընթացիկ հաշիվ էին բաց անում, շարունակ նորոգում մուրհակները: Վերջին տարիներին իր անունով մուրհակներն այնքան շատացան, որ սկսեց մայրիկի անունով դրամ վերցնել:
Հայրիկը գերադասում էր բանկերից դրամ վերցնել, քան թե ունեւոր բարեկամներից, մանավանդ հարուստ ծանոթներից: Նա իր համար ոչ մի հարուստի օգնությանը չէր դիմում եւ ասում էր, որ հարուստներն իրեն լավ են վերաբերվում, որովհետեւ իրենցից ոչինչ չի խնդրում:
Քանի որ մշտական եկամուտ չուներ` հաճախ էր նեղության մեջ ընկնում: «Փողի նեղություն շատ է քաշել, շատ, եւ մեր մեջ էլ ինչ խոսակցություն ու աղմուկ եղել է` միշտ փողի շուրջն է եղել ու փողի պատճառով»,_ ասում էր մայրիկը: Մինչդեռ հայրիկը հաշվով ապրող մարդ չէր ու չէր սիրում հաշվետու լինել, թե ինչ բանի վրա է ծախսել ստացածը:
Նյութականի հարցում շատ էր հպարտ, զգայուն, ինքնասեր. իրեն պահում էր հարուստի նման, իր նեղ վիճակից չէր տրտնջում: «Աստված էղածն օրհնի»,_ ասում էր նա: Իսկ շատ-շատերին թվում էր, թե հայրիկը մեծ հարստություն ունի ու մեծ եկամուտեր:
ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«Հուշեր եւ զրույցներ»