«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» երկրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Երրորդ հորիզոնականում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով մի սոսկալի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Չորրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է։ Անդերսենի հեքիաթները քաջ հայտնի են փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Հինգերորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Վեցերորդ հորիզոնականում կրկին Թումանյանի «Հեքիաթներ»-ն է մեկ այլ հրատարակչության հրատարակությամբ:
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող մեկ այլ ժողովածու՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են գրողի ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:
Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» ստեղծագործությունը: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկից հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել:
Իններորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:
Տասներորդ հորիզոնականում է Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսիարկածներից» գիրքը: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ