Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:
Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
«Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում, և մենք շատ ցավում ենք դրա համար»,- նշեց Խաչատրյանը:
Նրա խոսքով` հրաժարականի մասին նամակը ստանալուց հետո մեկ-երկու ամիս սպասել են` մտածելով, որ գուցե Չալդրանյանը փոխի իր մտադրությունը, և եթե առողջությունը լավանա, վերադառնա, բայց Չալդրանյանը մերժել է:
«Այս պահին կինոակադեմիան չունի նախագահ: Որոշեցինք առանց շտապելու ընտրել նախագահին, քանի որ մեծածավալ աշխատանք կա անելու: Ստեղծվել է նախագահություն` կազմված յոթ կինոակադեմիկոսից: Նրանք են` Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Կազարյանը, Աննա Երզնկյանը, Գևորգ Գևորգյանը, Մարտին Ադոյանը և ես:
Չնայած ես եմ հիմնադրել Կինոակադեմիան, հրաժարվել եմ նորից ընտրվել նախագահ, որովհետև դա բավականին դժվար գործ է: Հնարավոր չէ լինել և՛ Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և՛ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռը»,- ընդգծեց Հարություն Խաչատրյանը: