Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«70 ականների վերջին Երևանում հեռուստատեսությամբ ցուցադրվեց «12 զայրացած տղամարդիկ» հեռուստատեսային ներկայացումը, խաղում էր Խորեն Աբրահամյանը, փոքր էի, շատ բան չեմ հիշում, միայն ուժեղ տպավորությունն է մնացել։
Հետագայում տեսա պիեսի հիման վրա նկարահանված երեք ֆիլմերը։
Հոր սպանության մեջ մեղադրվող 18 տարեկան տղայի դատավարությունը ավարտվում է, և 12 երդվյալ ատենակալները հավաքվում են խորհդակցական սենյակում դատավճիռը կայացնելու համար։ Բոլորը համոզված են որ դատավարության ընթացքում 100 տոկոսով ապացուցվել է տղայի հանցանքը, և ատենակլաները շտապում են արագ քվեարկել, որ տղան մեղավոր է ու գնալ տներով։ Սակայն նրանցից մեկը կասկած է հայտնում, չի քվեարկում և սկսվում է բանավեճը։ Նրան ասում են՝ դու ոչ մի կասկածի հիմք չես կարող ունենալ, չէ՞ որ տղայի փաստաբանն էլ ոչինչ չկարողացավ ասել դատախազի ապացույների դեմ։ Նա պատասխանում է՝ դատարանի կողմից նշանակված փաստաբանը ոչ մի մոտիվացիա չի ունեցել աղքատ տղային պաշտպանելու։ Այսպես, երկու վկայի վկայության վրա կառուցված քրեական գործը սկսում է փլվել, և ատենակալները հերթով համոզվում են որ տղայի մեղքը ապացուցված չի, վերրջում բոլոր 12֊ն էլ քվեարկում են որ տղան անմեղ է։
1956-ին Սիդնի Լյումետի նկարահանած «12 զայրացած տղամարդիկ» ֆիլմը մեծ աղմուկ է հանում, ու այժմ էլ համարվում է կինոյի պատմության լավագույն ֆիլմերից մեկը, գլխավոր դերում, այն թերահավատ ատենակալի դերում Հենրի Ֆոնդան։
Ոչ պակաս ազդեցիկ, դերասանական խմբի հիանալի կատրմամբ հեռուստաֆիլմ է՝ 41 տարի անց 1997-ին նկարհանված «12 զայրացած տղամարդիկ» ռեմյկը, գլխավոր դերում Ջեկ Լեմոնը։ Ու ինձ թվում է որ այս մեկը ավելի եմ սիրում, երևի որ ինձ ժամանակակից է, երեք անգամ եմ նայել. երբ քրեական գործի անճշտությունները հերթով ջրի երես են դուրս գալիս, ատենակալներից մեկը, որ իր որդու հետ կոնֆլիկտ ուներ, ու անծանոթ տղային մահապատժի ուղարկելով անգիտակցորեն իր որդուց վրեժ էր լուծում, գոռում է՝ լավ թող մի քանի անճշտություն էլ լինի, դրանից բան չի փոխվում։ Նրան պատասխանում են՝ «էն գործի մեջ, որից կախված է պատանու կյանքը, անճշտություններն անթույլատրելի են»։
2007-ին պիեսի հիման վրա «12» ֆիլմն է նկարում Նիկիտա Միխալկովը, ու թեև այն կինոփառտոններում հաջողություն է ունենում, սակայն անհամեմատ թույլ է և ուղերձով և դերասանների խաղով, կերպարները մինչև վերջ ձևավորված չեն, մի քանիսը իրարից չեն էլ տարբերվում։
Ամերիկյան պիեսն ու ֆիլմերը հիմնված են դասակարգային հակասության վրա՝ քաղքենի ատենակալները արդեն կանխակալ վերաբերմունք ունեն աղքատ տրուշչոբների բնակչի նկատմամբ, աշխատում է այն կլիշեն որ աղքատը պոտենցիալ հանցագործ է, մանավանդ որ արդեն մի քանի անգամ ինչ որ օրինախախտումների համար բռնված է եղել, հոր հետ էլ վատ է եղել, ուրեմն մարդասպան է։ Իսկ Միխալկովի ֆիլմում ամբաստանյալը չեչեն է, որ մեղադրվում է իրեն որդեգրած ռուս սպա հորը սպանելու մեջ, ատենակալներն էլ ճիշտ է, տարբեր խավերից են, բայց շեշտված է նրանց ազգային պատկանելիությունը՝ մեկը հրեա, մեկը ուկրաինացի, մյուսը՝ կովկասցի՝ հայի ու վրացու միաձուլում՝ ասում է «ցավդ տանեմ» և հպարտանում վրացի մտավորականներով, և ռուսները որ չեչենների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեն, դրաման ազգային֊մշակութային հակասութունների վրա է։ Ատենակալներից մեկին՝ պաշտոնաթող սպա, նկարիչ, որ դատից հետո տղային տանում է իր տուն, Միխալկովն է խաղում։ Բարոյախոսական դոզա խեղդում է։
Ռեջինալդ Ռոուզի «12 զայրացած տղամարդիկ» պիեսը տարբեր երկրներում բազմաթիվ բեմադրություններ է ունեցել, հիմա էլ բեմադրվում է, բեմադրություններ կան, որտեղ ատենակալների մի մասը կանայք են։
Ինչպես շատ ներկայացումներ և ֆիլմեր, «12 զայրացած տղամարդիկ» բեմադրությունները ուղերձներ են, հասարակական հաղորդակցության ձևեր, ուր քանդվում են հանրույթների կլիշեներն ու կանխատրամադրվածություները, թե ինչպես կարող է մի ամբողջ խմբի 100 տոկոսանոց համոզմունքը մոլորություն լինել։
Իսկ հայ հասարկությո՞ւնը, թատրոնն ու կինոն ասելու բան չունե՞ն, բայց չէ՞ որ 40 տարի առաջ բեմադրել են «12 զայրացած տղամարդիկ»։ Կարծես 70-ականների պիեսի բեմադրիչներն ու հանդիսատեսները կապ չունեն այն հասարակության հետ, ուր այս կամ այն անձի դեմ ձեռքերը ցցած «մարդասպան» բղավողներին ոչինչ հնարավոր չի ապացուցել։
Արդո՞ք պահպանվել է հայկական ներկայացման ժապավենը, կխնդրեի հեռուստատեսության պաշտոնյաներին արխիվներում փնտրել այն, ու եթե հայտնաբերեն ցուցադրեին, նախ կվերականգնվեր ընդհատված ուղերձը, ապա նաև կհամեմատեինք ֆիլմերի հետ։
լուս. 1956 թվի ֆիլմը»: