Թերություններ և կոռուպցիոն ռիսկեր. Փորձագետներն առաջարկում են փոփոխություններ մտցնել շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում
Advertisement 1000 x 90

Թերություններ և կոռուպցիոն ռիսկեր. Փորձագետներն առաջարկում են փոփոխություններ մտցնել շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում

Շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում առաջարկվում է փոփոխություններ մտցնել: Համապատասխան առաջարկությունների փաթեթը մշակվում է այս տարվա հունվարի 8-ից մեկնարկած «Հայաստանում բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» շրջանակում:

«Ավելի քան 100 բժիշկների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք իսկապես վատ են տեղեկացված, թե ինչպես է պետք հավաքել անհրաժեշտ կրեդիտները»,- փետրվարի 27-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծրագրի ղեկավար, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը:

Օրինակ՝ կրեդիտները կարելի է ստանալ համաժողովներին մասնակցելու միջոցով, սակայն հստակություն չկա, թե արդյոք կրեդիտներ փոխանցվո՞ւմ են հարակից մասնագիտությունների բժիշկներին նեղ մասնագիտական համաժողովներին մասնակցելուց հետո, թե ոչ: Հարցեր են առաջանում նաեւ արտասահմանում ստաժավորման փաստն ապացուցող վկայականների ներկայացման ժամանակ: Նա ուշադրություն դարձրեց որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման ժամանակ շահերի ակնհայտ բախման վրա, ինչը վկայում է կոռուպցիոն ռիսկերի մասին:

Ծրագրի շրջանակում՝ մարտի 7-ին կհայտարարվի հասարակական կազմակերպությունների առողջապահական կոալիցիայի ստեղծման մասին, որը լիազորված կլինի համապատասխան մարմինների հետ քննարկել առողջապահության ոլորտի հարցերը եւ խնդիրները:

Մասնավորապես՝ առաջարկվում է համապատասխան աղյուսակ ստեղծել, որը կօգնի պարզել կրեդիտները հաշվի առնելու մեխանիզմը, որոնք հաշվարկվել են միջազգային համաժողովներին մասնակցության համար: «Անհրաժեշտ է կրեդիտները հաշվի առնելու աղյուսակ մշակել, որոնք հաշվարկվել են արտասահմանում որակավորման բարձրացման դասընթացներ անցնելու համար»,- տեղեկացրեց Գրիգորյանը: Խորհուրդ է տրվում նաեւ բժիշկներին պարտավորեցնել ամեն տարի հավաքել Х քանակությամբ կրեդիտներ՝ լինի դա ինքնակրթության ճանապարհով, հոդվածների հրապարակման, թե համաժողովներին կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու:

Եվս մեկ առաջարկ. կրեդիտները հաշվարկելիս սա հաշվի առնել ոչ միայն համաժողովի աշխատանքին բժշկի լիարժեք, այլ նաեւ մասնակի մասնակցության դեպքում: Օրինակ՝ բժիշկը կարող է համաժողովի ժամանակ լսել միայն իրեն հետաքրքրող զեկույցները, սակայն դրա համար նույնպես կարող են կրեդիտներ հաշվարկվել:

Սպասվում է, որ արդեն մայիսի կեսին առաջարկները կուղարկվեն Հայաստանի Առողջապահության նախարարություն եւ Առողջապահության ազգային ինստիտուտ:

«Հայաստանում բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագիրն» ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության՝ շուրջ 4,5 մլն դրամ դրամաշնորհի շրջանակում:

Հիշեցնենք, որ 2016 թվականից «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում կատարված լրացումների համաձայն՝ Հայաստանում ներդրվել է շարունակական բժշկական կրթության (ՇԲԿ) համակարգը. սեմինարներին եւ գիտաժողովներին մասնակցությունը, ինչպես նաեւ գիտական հրապարակումները եւ ատենախոսության պաշտպանությունը բժիշկներին ՇԲԿ կրեդիտներ է բերում, եւ 220 կրեդիտ կուտակելու դեպքում նրանք 5 տարի ավտոմատ հավատարմագրում են անցնում:

news.am