2018 և 2019 թվականների գրականության Նոբելյան մրցանակը որոշեցին հանձնել միաժամանակ
Advertisement 1000 x 90

2018 և 2019 թվականների գրականության Նոբելյան մրցանակը որոշեցին հանձնել միաժամանակ

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարվա աշնանը գրականության Նոբելյան մրցանակը կշնորհի միանգամից 2018 և 2019 թվականների համար: Այդ մասին ասված է Նոբելի հիմնադրամի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 5-ին: «Գրականության Նոբելյան մրցանակը վերստին շնորհվելու է, 2018 և 2019 թվականների դափնեկիրներին կհայտարարեն այս աշնանը»,- նշվում է հայտարարության մեջ: Անցած տարվա ընթացքում Նոբելի հիմնադրամը և Շվեդիայի ակադեմիան «սերտ երկխոսություն էին վարում այդ մրցանակի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ և հավանություն են տվել մրցանակի շնորհման գործընթացի մի շարք կարևոր փոփոխությունների»: Մասնավորապես, մրցանակի թեկնածուների ընտրությանն այժմ մասնակցելու է հինգ անկախ փորձագետ, որոնք Շվեդիայի ակադեմիայի անդամներ չեն: Նաև ընտրվել են ակադեմիայի մի քանի նոր անդամներ: Բացի այդ, Շվեդիայի ակադեմիայի անդամների թվում չկան այն մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է տարվում, ինչպես նաև «Նոբելյան կոմիտեում այժմ չկան անցյալ տարվա իրադարձությունների հետ կապված անձինք»:

Բացի այդ, ներկայում Շվեդիայի ակադեմիայում ուսումնասիրում են անդամության ժամանակավոր սահմանափակումների կիրառման հնարավորությունը և պլանավորում են ավելի մեծ թափանցիկություն ապահովել ֆինանսական հարցերում: «Ընդհանուր առմամբ վերջին մեկ տարվա ընթացքում Շվեդիայի ակադեմիան ձեռնարկել է կարևոր քայլեր, որպեսզի հաղթահարի 2017 թվականի վերջին ծագած խնդիրները, դեռ ավելին էլ պլանավորված է»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Անցյալ տարվա մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարեց 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չշնորհելու և դրա հանձնումը 2019 թվականին տեղափոխելու որոշման մասին: Պատճառը խոշոր սկանդալն Էր՝ կապված լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոյի հետ, որը Շվեդիայի վճռաբեկ դատարանի առջև կանգնեց սեռական բնույթի հանցագործությունների գործով: Առնոն երկար տարիներ ի վեր ակտիվ մասնակցություն ուներ Գրականության նոբելյան կոմիտեի գործունեությանը: Մրցանակի չափը կազմում է 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 1 մլն դոլար):