ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի « Իմ քայլը» հիմնադրամի գործունեության, Աննա Հակոբյանի այցերի, ստացված գումարի և այլ հարցերի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել հիմնադրամին:
Ըստ հարցման պատասխանի՝ հիմնադրամը ստեղծման պահին (հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականի հուլիս ամսին) միջոցներ չի ունեցել: Ս.թ. փետրվարի 15-ի դրությամբ (ստեղծման պահից 7 ամսվա ընթացքում) «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվել է 859 մլն 55 հազար դրամ (մոտ 1 մլն 746 հազար դոլար), նվիրատվությունների մի մասը նպատակային նվիրատվություններ են:
Հիմնադրամի հիմնադրման օրվանից Աննա Հակոբյանն այցելել է երկու երկիր:
Հարցին, թե հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև հունվարի 20-ը քանի՞ երկիր է աշխատանքային նպատակով ուղևորվել Աննա Հակոբյանը, հիմնադրամից պատասխանել են.
«Հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև հունվարի 20-ը Աննա Հակոբյանը մեկնել է աշխատանքային երկու ուղևորության՝ 2018 թ. նոյեմբերի 11-13-ը՝ Մոսկվա, 2018 թ. դեկտեմբերի 11-17-ը՝ Շվեյցարիա։ Երկու ուղևորությունների արդյունքում միասին հիմնադրամի գործունեության համար հավաքագրվել է շուրջ 173 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար»։
Հարցին, թե Կառավարության կազմից և ոչ միայն ովքեր են որպես ՀՀ վարչապետի տիկնոջ ուղեկցում Աննա Հակոբյանին արտերկրում, հայտնել են, որ աշխատանքային երկու ուղևորությունների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի երկու աշխատակիցներ. «Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում պատվիրակության կազմում եղել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Շվեյցարիա կատարած ուղևորությանը, վերը նշված անձանցից բացի, մասնակցել է նաև մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե երկրներում ինչ դասի հյուրանոցներում և որ հյուրանոցներում է հանգրվանել Աննա Հակոբյանը, հիմնադրամից հայտնել են. «Մոսկվայում հանգրվանել է Ararat Park Hyatt հյուրանոցում, սենյակը տրամադրվել է 13,000 ռուբլով (նմանատիպ սենյակի ստանդարտ արժեքը 25-26 հազար ռուբլի է)։ Շվեյցարիայում հանգրվանել է La Réserve Genève հյուրանոցում, սենյակի արժեքը՝ 305 շվեյցարական ֆրանկ։ ՌԴ-ում մնացել է 2 օր, Շվեյցարիայում՝ 5 օր»։
Ամբողջությամբ՝ tert.am