Փաշինյանի վայրէջքի համար «Զվարթնոցը» չի փակվել. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանի վայրէջքի համար «Զվարթնոցը» չի փակվել. fip.am

Մարտի 5-ին հայաստանյան լրատվական կայքերից մեկում հրապարակվել է մի հոդված, ըստ որի, Նիկոլ Փաշինյանի՝ Իրանից վերադառնալիս փակվել են Հայաստանի օդային ճանապարհները և դադարեցվել բոլոր թռիչքները։

Ավելին՝ առավել արժանահավատ թվալու նպատակով կայքը նույնիսկ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել փետրվարի 28-ին, ժամը 21։30-ին, ու դրա պատճառով ժամը 19։00-ից փակվել են բոլոր թռիչքուղիները և՛ մեկնող, և՛ ժամանող օդանավերի համար։

Այս տեղեկությունը ստուգելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայք և նայել փետրվարի 28-ին կատարված բոլոր թռիչքներն ու վայրէջքները։ Արդյունքում պարզ է դառնում, որ նշված ժամին «Զվարթնոց» օդանավակայանում մեկնման և ժամանման հետ կապված որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։

Թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայաստանի համար, բոլորս ենք հասկանում, և նման պատճառաբանությամբ երկրի օդային ճանապարհները փակելը, մեղմ ասած, չի տեղավորվում Հայաստանի շահերի տրամաբանության մեջ։

Ուշագրավ է նաև, որ վերոնշյալ կայքը նմանատիպ հրապարակմամբ, բացի ապատեղեկատվություն տարածելուց, կասկածի տակ է դնում երկրի անվտանգության և ռազմավարական նշանակության օբյեկտի աշխատանքը, ինչը կարող է նաև խուճապի հանգեցնել:

fip.am