Դերասան Մհեր Մխիթարյանը, որը հեռուստադիտողին հայտնի է հումորային տարբեր նախագծերում մարմնավորած կերպարներով, «Կօօկօօռօօզ» նախագծում կներկայանա նորովի։ Tert.am Life-ի հետ զրույցում Մհերը խոսել է նոր կերպարների, դժվարությունների և հումորի համար թեմաներ ընտրելու մասին։
«Կօօկօօռօօզ»-ում հեռուստադիտողը կտեսնի հումորային սքեթչեր և ռեալիթի հատված, որտեղ Վաչեն, Բոնին և Մհերը կխաղան իրենք իրենց։ Մհերը նշեց, որ սքեթչի ձևաչափը թույլ է տալիս խաղալ շատ և իրարից տարբեր կերպարների. Նրա խոսքով, չնայած նախկինում էլ ներկայացել է սքեթչերի շրջանակում, հիմա ծավալն անհամեմատ ավելի մեծ է։
«Սքեթչերի ու կերպարների բազմազանության հետ կապված դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց փորձելու ենք հաղթահարել դրանք։ Մի նախագծում տարբեր կերպարներով հանդես գալը դժվար է, բայց ամեն ինչ անում ենք, որ թե՛ սքեթչերն իրարից տարբեր լինեն, թե՛ մեր կերպարները»,- ասաց նա։
Մհերը նշեց, որ իրենց թիրախում են ակտուալ բոլոր իրադարձությունները, հետաքրքիր իրավիճակներն ու այն երևույթները, որոնք հնարավոր է ներկայացնել հումորային տեսանկյունից։ «Քանի կյանքը կա, հումորի թեման երբեք չի սպառվի, եթե իհարկե կարողանում ես հումոր մտածել։ Տարբեր իրավիճակներ, աղջիկ-տղա, հայր-որդի հարաբերություններ, կենցաղ, խանդ. թեմաներ միշտ կան, մինչև օրս հումորային թեմայի սպառման չենք հանդիպել»,- ասաց նա` շարունակելով, որ ինֆորմացիայի աղբյուրները ներկայումս շատ-շատ են։ Ըստ դերասանի` արձագանքներից միշտ կարելի է հետևություն անել՝ հումորը լա՞վն է, թե՞ ոչ, հասանելի՞ է, թե՞ ոչ։
Մհերն անկեղծացավ, որ ժամանակին հումոր անելն ու հեռուստադիտողին հասցնելը շատ դժվար էր, ինքն անցել է ճանապարհը։ Հումորիստը նկատեց, որ հիմա ոչ միայն հարթակներն են շատ, հայտնի դառնալու հնարավորություններն են մեծ, այլև հումորն առանց խմբագրման լսարանին հասցնելու հնարավորությունը։
«Հումորը հեռուստադիտողին հասցնելը շատ հեշտ է դարձել։ Տարիներ առաջ, օրինակ, գրում էինք 20 հումոր, եթերում հայտնվում էր 3-ը։ Հումորներն անցնում էին տարբեր խմբագիրների մոտով, ինչը սահմանափակում էր ինքնաարտահայտվելու հնարավորությունը»,- ասաց Մհերն ու ավելացրեց, որ հիմա հումորները շատ են ու մարդիկ էլ հնարավորություն ունեն շատ հումորներ դիտելու, ճանաչելու և գնահատելու հումորիստներին։
Ամբողջությամբ՝ life.tert.am