Գիտնականները թեստ են մշակում, որը կկարողանա որոշել կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիվի վտանգը: Դրա շնորհիվ պացիենտները կարող են իմանալ՝ արդյոք առաջիկա 20 տարում իրենց մոտ հիվանդության կրկնակի զարգացման հավանականություն կա: Ռեցիդիվի վտանգը որոշվելու է գենային մակարդակում, իսկ թեստի ճշգրտությունը 62 տոկոս է:
Ըստ մասնագետների՝ տվյալ թեստը բժիշկներին հնարավորություն կտա հետեւել ռիսկի խմբի հիվանդների առողջությանը՝ նրանց նաեւ դեղամիջոցներով բուժում նշանակելով:
Թեստի մշակման ուղղությամբ աշխատում են Քեմբրիջի եւ Սթենֆորդի համալսարանի մասնագետները: Դրա համար որպես հիմք է ընտրվել մոտ 2 հազար պացիենտների քաղցկեղային ուռուցքների անալիզը, ինչպես նաեւ 14 տարվա ընթացքում նրանց առողջական վիճակի մոնիթորինգի տվյալները:
Ըստ գիտնականների՝ բժիշկները կարող են գործնականում թեստի պարզեցված տարբերակն արդեն առաջիկա 5 տարիների ընթացքում կիրառել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում: