Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող հայ-գերմանական համատեղ արտադրության «Ավրորայի լուսաբաց» կինոնախագիծն արժանացել է «Եվրիմաժ» մշակութային աջակցության հիմնադրամի ֆինանսավորմանը և բարձր գնահատանքին:
«Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը շեշտեց, որ «Ավրորայի լուսաբաց»-ն առաջին հայկական մեծամասնական վավերագրական-անիմացիոն կինոնախագիծն է, որը ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից:
«Մարտի 12-16-ը՝ Բուխարեստում կայացած «Եվրիմաժ» հիմնադրամի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Ավրորայի լուսաբաց» կինոնախագիծը միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է նախագծի ընդհանուր բյուջեի 24 տոկոսը: Աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ 45 մլն դրամ, «Ոսկե ծիրանի» հայ-թուրքական պլատֆորմը՝ 2,4 մլն դրամ: Մեծապես կարևոր է նաև «Զորյան» ինստիտուտի (Կանադա) օգնությունը, արխիվային նյութերի տեսքով»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:
«Ավրորայի լուսաբացը» կինոնախագծի ռեժիսոր Իննա Սահակյանը հայտարարեց, որ չնայած ֆիլմը վավերագրական բնույթի է և գերակշռողը արխիվային նյութերն են լինելու, 2020-ին նախատեսում են իրականացնել նկարահանումները և աշխատանքը դուրս բերել միջազգային շուկա:
««Բարս Մեդիա» և գերմանական Gebruder Beetz կինոարտադրող ընկերությունների հետ համատեղ, չորս տարուց ավելի աշխատում ենք նախագծի շուրջ և կարող եմ ասել, որ ֆինանսավորումը միայն մի քայլն էր, որ կատարվեց, ամենաբարդը՝ ֆիլմի ստեղծումը, դեռ առջևում է: Մեր նպատակն է պահպանել ֆիլմի հայկական դիմագիծը, հատկապես եթե մենք ցանկություն ունենք դրսում ներկայանալ, ուրեմն պետք է առավել քան երբևէ մանրակրկիտ աշխատանք կատարենք: «Ավրորայի լուսաբացը» կպատմի Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) պատմությունը, նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ»,-ասաց Իննա Սահակյանը:
Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ով հավելեց, որ կինոյի մասին օրենքի նախագիծը արդեն քննարկման փուլ է մտնում, ընդունումից հետո դեպի մեծ բեմեր գնացող ֆիլմերի քանակը կտրուկ կավելանա, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կինոյի օրենք ունեցող երկրների հետ համագործակցությունն ավելի հաջողված է:
«Կինոյի մասին օրենքի ընդունումից հետո էլ չենք ունենա կիսատ մնացած նախագծեր և ավելի հեշտ կլինի ստանալ միջազգային կինոարտադրողներից, թե ֆինանսական, թե գաղափարական աջակցություն, և «Ավրորայի լուսաբացը» կինոնախագծի նման հավանության կարժանան մեր մյուս նախագծերը ևս»,-ասաց Շուշանիկ Միրզախանյանը:
«Եվրիմաժը» (Eurimages) հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցում է կազմակերպությանը 2016 թվականից: