Տարսայիճ Օրբելյան (ծննդ․ թվ․ անհ․ – 1290), Իշխանաց իշխան, աթաբեկ Հայոց և Վրաց, Սյունիքի իշխանապետ (1273-1290)։ Լիպարիտ Օրբելյանի որդին, Մինա խաթունի ամուսինը, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Ջալալի և Ասփայի հայրը, Օրբելյանների իշխանական տոհմից։ Սյունիքի իշխանությունում հաջորդել է ավագ եղբորը՝ Սմբատ Օրբելյանին։
Սկզբում իշխել է Որոտան (Ծղուկ) գավառում։ Սյունիքի իշխանապետ դառնալուց հետո հաստատվել է Եղեգիս ավանում։ Կնության է առել զոհված Հասան-Ջալալ-Դոլայի դուստր Մինա խաթունին և ռազմական դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ։ Խորասանում, Հյուսիսային Կովկասում, Ոսկե հորդայում, Եգիպտոսում և այլուր մասնակցել է Հուլավյանների մղած մարտերին, մեծ հեղինակություն ձեռք բերել իշխանական արքունիքում, վրաց Դեմետրե թագավորի հետ ճանաչվել հայ-վրացական միացյալ ուժերի գլխավոր հրամանատար։
Իսլամ ընդունած Թագուդարի (Ահմադ) և Արղունի միջև 1282-1283 թվականներին իլխանության գահի համար բռնկված պայքարի ժամանակ զինակցել է վերջինին և նրա հաղթանակից հետո իշխանապետությունը տարածել ողջ Սյունիքի վրա (այդ թվում նաև Գեղարքունիքի)։ Վրաց Դեմետրե թագավորը 1284 թվականին Տարսայիճ Օրբելյանին նշանակել է (մահացած Սադուն Արծրունու փոխարեն) իր տերության աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալար (սպարապետ)։ Օգտագործելով բարձր պաշտոնը և հեղինակությունը՝ Տարսայիճ Օրբելյանը Սյունիքի վանքերն ազատել է մոնղոլական հարկերից, նորոգել խարխլվածները։ Եղբոր՝ Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա (Նորավանքում) 1275 թվականին կառուցել է տվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Տարսայիճ Օրբելյանի իշխանապետական իրավունքները ժառանգել է ավագ որդին՝ Էլիկումը։
Լուսանկարում՝ Տարսայիճի տապանաքարն է։
Լուսանկարը՝ Սահակ Վարդանյանի։