Սինգապուրի բժիշկներն աշխարհում առաջին անգամ կսկսեն ստամոքսի քաղցկեղի հայտնաբերման թեստեր անցկացնել արյան անալիզի օգնությամբ: Ինչպես պատմել Է Սինգապուրի ազգային համալսարանի դոցենտ Եո Կհայ Գուանը, մոտ ժամանակներս առողջապահության նախարարությունից սպասվում Է ախտորոշման այս տեսակի թույլտվության ստացումը, եւ այն կարող Է գործարկվել արդեն մինչեւ տարեվերջ:
«Ստամոքսի քաղցկեղը լռակյաց մարդասպան Է, քանի որ շատ դեպքերում այն հայտնաբերում են արդեն ուշ փուլերում, երբ դժվար Է որեւԷ բանով օգնել հիվանդին»,-նշել Է գիտնականը: «Իսկ ախտորոշման նոր տեսակը, որն ավելի օպերատիվ Է, եւ այսօրվա դրությամբ եղածներից ավելի Էժանը, կկարողանա ուռուցքի առկայությունը ցույց տալ արդեն ամենավաղ փուլերում, երբ հիվանդությունը ենթակա Է արդյունավետ բուժման»,-ասել Է Եո Կհայ Գուանը, որն աղեստամոքսային տրակտի ուռուցքային հիվանդությունների ազգային կոնսորցիումում գլխավորում Է ինովացիոն չորս նախագծերից մեկը:
Չնայած այն բանին, որ արյան անալիզի հիման վրա ստամոքսի քաղցկեղի ախտորոշման համանման մշակումները հաջողությամբ իրականացվում են նաեւ այլ երկրներում, մասնավորապես, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում, նմանօրինակ մեթոդները գտնվում են միայն կլինիկական փորձարկումների փուլում: Ստամոքսի քաղցկեղն աշխարհում չորրորդ տեղն Է զբաղեցնում չարորակ գոյացությունների թվում. ամեն տարի ախտորոշվում Է մոտավորապես 1 միլիոն նոր դեպք: Այս հիվանդությունը մահացության բարձր ցուցանիշներ ունի (տարեկան ավելի քան 700 հազար), ինչն այն թոքերի քաղցկեղից հետո երկրորդն Է դարձնում օնկոլոգիական մահացության կառուցվածքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: