Աշխարհում առաջին կինը երեխա է ծնել արգանդի փոխպատվաստումից հետո, որը կատարվել է ռոբոտի կողմից
Advertisement 1000 x 90

Աշխարհում առաջին կինը երեխա է ծնել արգանդի փոխպատվաստումից հետո, որը կատարվել է ռոբոտի կողմից

Շվեդիայի բնակչուհին դարձել է աշխարհում առաջին կինը, ով երեխա է ծնել արգանդի փոխպատվաստումից հետո, որը կատարել է ռոբոտը։ 2,9 կգ կշռող առողջ տղան ծնվել է հղիության 36-րդ շաբաթում։ Մոր և մանկան անունները չի նշվում։

Դոնորի արգանդի փոխպատվաստման վիրահատությունը կատարվել է 2017թ․՝ Sahlgrenska University հիվանդանոցում։ Այդ վիրահատությունը ցուցված է այն կանանց, որոնք բնական ճանապարհով չեն կարող երեխա ունենալ (ի ծնե արգանդ չունեն կամ արգանդը հեռացվել է վիրահատական ճանապարհով)։

10 ամիս անց կինը հղիացել է ԷԿՕ-ի օգնությամբ, ընդ որում բժիշկներն օգտագործել են նրա սեփական ձվաբջիջները։ Հղիությունն անցել է առանց բարդությունների, երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով։

Ավելի վաղ ռոբոտի միջոցով արգանդի փոխպատվաստում իրականացվել է հինգ կանանց մոտ՝ Գետեբորգի համալսարանի կլինիկայում (Գերմանիա), սակայն այդ պացիենտներից որևէ մեկին չի հաջողվել հղիանալ

Բժիշկները մեծ հույսեր են կապում ռոբոտացված վիրաբուժության հետ, քանի որ տվյալ դեպքում վիրահատությունը ավելի քիչ վտանգավոր է դոնորների համար։ Բացի այդ, երկու վիրաբույժների կողմից կառավարվող ռոբոտը աշխատում է միլիմետրի ճշգրտությամբ։ Դրա հետ մեկտեղ, ռոբոտի միջոցով արգանդի փոխպատվաստման համար բավարար է 1 սմ տրամագծով ընդամենը հինգ անցք։ Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել պացիենտի արյան կորուստը, ինչպես նաև կրճատել ստացիոնար բուժման ժամկետները։

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում դոնորային արգանդից ծնվել է 15 երեխա։ Նրանք լույս աշխարհ են եկել Շվեդիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Սերբիայում և Հնդկաստանում։

Դոնորների դեֆիցիտի պատճառով դեպքերի մեծ մասում իրենց արգանդը վիրահատության համար զոհաբերում են պացիենտների մոտ հարազատները կամ մտերիմ ընկերները։ Անցյալ տարի Բրազիլիայում առաջին անգամ երեխա էր ծնվել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո։

med.news.am