Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Ապրիլի 18-ին տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա գրադարանի երիտասարդ ընթերցողները հնարավորություն ստացան գրողի հետ խոսելու ստեղծագործական կյանք մուտք գործելու նրա որոշման մասին և քննարկելու նրա՝ «Տուր ձեռքդ, պստլո՛» վեպը:
Ընթերցողներից մեկի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ստեղծագործություններում մարդկային փոխհարաբերությունների նկարագրության պարզությունը, գրողը պատասխանեց՝ անկեղծությամբ և իր ապրած կյանքով:
Գուրգեն Խանջյանը սկսել է ստեղծագործել արդեն հասուն տարիքում՝ 30-ից հետո:
«Մի օր հանկարծ պարզվեց, որ գրելը մոտիկ է ինձ: Դարձա ազատ կամ մի ուրիշ կարգի անազատ: Բայց այդ անազատը ազատության մեջ է: Ես գրում էի գիրք, գիրքը գրում էր ինձ…», – նկատեց նա:
Հարցին, թե արդյո՞ք չի փոշմանում այն կորցրած ժամանակահատվածի համար, որի ընթացքում չի ստեղծագործել. պատասխանեց, թե այդ ժամանակ էլ է ստեղծագործել՝ ապրելով այն կյանքը, որը հետագայում պետք է դառնար ստեղծագործություն:
«Քո ապրած կյանքը ստեղծագործություն է: Ինչ-որ տեղից կա պարտադրանք անելու հենց սա, այլ՝ ոչ ուրիշ բան: Սկզբից խաղի նման էր, հետո՝ լրջացավ», – նշեց Խանջյանը:
Հեքիաթապատում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար
Ապրիլի 18-ին մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մանկական գրքեր նվիրաբերեց կենտրոնում բուժվող երեխաներին և արյունաբանական բաժանմունքի գրադարանին: Դերասան Ստեփան Շահինյանը մոնոներկայացումներ ցուցադրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով: Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար Մադլենա Հովսեփյանն էլ կենտրոնում երեխաների ու նրանց ծնողների հետ զրուցեց գրքերի և ընթերցանության մասին: