Ծնողներ և երեխաներ։ Դաժան ճշմարտություններ, որոնք անհրաժեշտ է ընդունել
Advertisement 1000 x 90

Ծնողներ և երեխաներ։ Դաժան ճշմարտություններ, որոնք անհրաժեշտ է ընդունել

Բնական է, որ ծնողները միակողմանիորեն են ընդունել նոր կյանքի ծնվելու որոշումը, երեխային չեն հարցրել՝ ուզո՞ւմ է նա ապրել այդ ծնողների հետ, ծնվել այդ ժամանակ, այդ սոցիալական շերտում, և այլն։ Ծնողներն իրենք են ուզել, որոշել ու լույս աշխարհ բերել նոր մարդու և իրենց ընտրության պատասխանատվությունն էլ ամբողջովին իրենք են կրում։

Մի կողմից՝ կյանքն իսկապես մեծ պարգև է, որի համար պետք է շնորհակալ լինել, իսկ մյուս կողմից էլ՝ ծնողների կողմից շնորհակալ լինելու պահանջը երբեմն այնքան քիչ է համատեղելի լինում երեխայի կյանքի հետ, որ արդյունքը դառնում է այդ պահանջների դեմ բողոքը, ինչն անխուսափելիորեն ուղեկցվում է մեղքի զգացմամբ. Չէ՞ որ ծնողները նրան կյանք են պարգևել, ինչպես իրենք հաճախ ասում են։

Պարտակա՞ն է արդյոք երեխան դրա համար։ Ըստ էության՝ոչ։

Պետք է ընդունել, որ իրականում երեխա ունենալու որոշումը շատ քիչ ծնողներ են գիտակցաբար ընդունում։ Դրան մասնակցում են մի շարք գործոններ՝ բնազդը, հասարակության կողմից ճնշումները և այլն։ Մի խոսքով, ստացվում է այնպես, որ երեխան հաճախ ոչ թե ծնողների ազատ ընտրությունն է, այլ ինչ-որ անհրաժեշտություն, ինքնահաստատվելու պահանջմունք։ Այստեղից էլ գալիս են նրանց պահանջները։

Չէ՞ որ երեխան կարևոր է դառնում ոչ թե ինքնին, այլ՝ որպես երաշխիք որոշ սպասումների կատարման, որոնք դրված են իր ուսերին։

Ծնողների մեծ մասն իրենց շարժառիթները մինչև վերջ չեն գիտակցում,  անկեղծորեն մտածում են, որ խելամիտ բաներ են պահանջում։ Սակայն երեխան չի կարող պատասխանատվություն կրել ծնողների՝ բավարար չափով սեր չստանալու, կրքի գագաթնակետին ոչնչի մասին չմտածելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար երեխա ունենալու որոշման և շատ այլ բաների համար։

Ծնողները հաճախ վախենում են, որ երեխան քիչ վերահսկելի կլինի, որ իրենք երեխայի համար հեղինակություն չեն լինի, և դրա համար էլ հաճախ են շեշտում հետևյալ միտքը՝ մենք քո ծնողներն ենք, մենք ենք քեզ լույս աշխարհ բերել, ու դու մեզ պետք է լսես։

Արդյունքում՝ հեղինակություն ձեռք է բերվում ոչ թե արարքների միջոցով, որոնք երեխայի մոտ հարգանք կձևավորեին, այլ վախի ու ճնշման միջոցով, ինչը միգուցե արդյունավետ է, բայց երեխայի ու ծնողների միջև ջերմ հարաբերություններ չի ձևավորում։

Իսկ կյանքի համար շնորհակալ լինելը…

Այն միշտ կա այն ընտանիքներում, ուր ծնողները երեխային լույս աշխարհ են բերել գիտակցաբար և ամենասկզբից հասկացել են, որ աշխարհ է եկել ազատ մարդ, որին ծնողները կօգնեն զարգանալ, իսկ հետո նա կապրի իր կյանքով ու կկատարի իր ընտրությունը։

Ծնողներն էլ կապրեն իրենց կյանքը։ Այնտեղ, ուր չկան ճնշում, խիստ պահանջներ, վախ ու մանիպուլյացիաներ, երեխաները բնական կերպով են իրենց շնորհակալությունը հայտնում կյանքի պարգևի համար, քանի որ ուզում են, ճիշտ այնպես, ինչպես ծնողներն են ցանկացել օգնել նրանց մեծանալ, հանուն երեխաների, այլ ոչ՝ իրենց սպասումների։

Եթե ծնողները խոսում են այն մասին, որ երեխայի համար այնքան բան են արել՝ նկատի ունենալով, որ երեխային կերակրել են, հագցրել, կրթել, բուժել ու զվարճացրել, ապա այստեղ ամեն ինչ պարզ է. պարտավոր էին, քանի որ երեխա ունենալով՝ ծնողը լիակատար պատասխանատվություն է կրում երեխայի կյանքի ապահովման ու անվտանգության համար։ Եվ նա պարտավոր է դա անել մինչև երեխայի չափահաս դառնալը։ Դա անգամ օրենսդրությամբ է ամրագրված։

Իսկ ինչո՞ւ են շատ ծնողներ սա որպես հերոսություն ներկայացնում. հավանաբար այն պատճառով, որ երեխայի դաստիարակության ընթացքում նրանք իրենց վրա սահմանափակումներ են դրել, որոնց մասին կամ նախօրոք չեն իմացել նույն այդ չգիտակցված որոշման պատճառով, կամ համարել են, որ այդ սահմանափակումները հետագայում պետք է փոխհատուցվեն երեխայի կողմից։ Բայց երեխան նույնիսկ չի էլ պատկերացնում, որ սահմանափակումների պատճառ է ինքը։ Նրան թվում է, որ իր համար ամեն ինչ արվում է սիրով ու ինքնակամ։ Եվ երբ նրան հետագայում փաստի առաջ են դնում, ծնողների նկատմամբ սերը սկսում է մարել, ինչը երեխայի համար բարդ է խոստովանել։

Արդյունքում՝ ծնվում է զգացողություն, որ իրականում ծնողների հետ հարաբերությունները ոչ թե սիրո վրա հիմնված հարաբերություններ են, այլ պարտքի զգացման։ Ոչ ծնողը, ոչ երեխան չեն ստանում իրենց համար այնքան ցանկալի ջերմությունն ու աստիճանաբար հիասթափվում են այդ հարաբերություններից, բայց շարունակում են փոխադարձ մանիպուլյացիաների քաղաքականությունը կամ մինչև վերջ, կամ մինչ այն ժամանակը, քանի դեռ կողմերից ինչ-որ մեկը չի փորձում հասկանալ՝ բանն ինչ է։

Բազմամյա պրակտիկան ցույց է տալիս, որ շուրջը բազմաթիվ իրենց վրա ոչ վստահ մարդիկ կան, որոնց շարունակ քննադատել են, ինչ-որ մեկի հետ համեմատել, ստորացրել։ Եվ մարդը հաճախ մեծ աշխարհին դեմ հանդիման է դուրս գալիս ներքին վախի, անլիարժեքության զգացմամբ ու այն զգացողությամբ, որ շուրջը բոլորն իրենից լավն են, արժանավոր ու տաղանդավոր։

Սակայն, երբ երեխային սովորելու հնարավորություն են տվել, աջակցել են սխալների ժամանակ. օգնել են դրանք ուղղել ու վերաիմաստավորել, ինչ-որ քայլեր անել՝ հաշվի առնելով երեխայի ցանկություններն ու ընտրությունը, ապա այդպիսի երեխաները մեծանում են շնորհակալության ու պատասխանատվության բնական զգացումով։

Եվ եթե ծնողներն այդ ընթացքում իրենք իրենց մասին չեն մոռացել, ապա նրանց մոտ չի առաջանում երեխայի վրա ծախսած կյանքի զգացողություն, հետևաբար և՝ բողոքելու ու երեխայից ինչ-որ բան պահանջելու հարկ էլ չի լինում։

Անկասկած, լինում են շրջաններ, երբ երեխայի վրա իսկապես ծնողի ողջ ժամանակն է ծախսվում՝ ամուսիններին միմյանց համար ժամանակ չմնալով։ Սակայն սա ևս կախված է ամուսինների տրամադրվածությունից։ Եթե ժամանակը ծախսվել է ինքնակամ, ապա շահույթն արդեն ստացված է երեխաների զարգացման ու ձեռքբերումներով պայմանավորված հետաքրքրության, հիացմունքի, ուրախության, ազարտի հետ։

Հնարավոր է, այսպիսի ծնողները իրենք էլ զարգանում են իրենց երեխաների հետ միասին։

Հակառակ պարագայում ծնողները մտածում են, որ իրենցից ժամանակ է խլվել, բայց նրանք դա չեն խոստովանում և որպես փոխհատուցում՝ ուզում են, որ երեխան իրենց ինչ-որ կերպ հատուցի։

Բայց խնդիրն այն է, որ այստեղ կրկին անհավասար դիրքեր են։ Ծնողն ինքն է այդ քայլին գնացել՝ երեխաներ ունենալով, իսկ վերջիններս էլ փաստի առաջ են կանգնել այն առումով, որ պետք է ծնողի վրա այնքան ժամանակ ծախսեն, որքան վերջինս է ուզում։ Ստացվում է, որ ծնողն ունեցել է ընտրության իրավունք, իսկ երեխան՝ ոչ։

Տարօրինակ է ընդհանրապես սպասումներ չունենալը։ Բնական է, որ մենք ինչ-որ բան ենք սպասում մեր զուգընկերոջից, ընկերներից, երեխաներից, բայց հարաբերություններում այնպիսի պահեր կան, երբ պետք է այդ սպասումները խմբագրել։

Եվ հաճախ հենց երեխաների հետ հարաբերություններում ամենաքիչը կհանդիպես սպասումների խմբագրման ու կոմպրոմիսների փնտրտուքի։

Խոսքն այն պահերի մասին չէ, երբ ծնողները ստիպված են երեխայից պահանջել նրա անվտանգությունն ապահովելու համար։ Խոսքն այն մասին է, ինչը չի սպառնում երեխայի անվտանգությանն ու կարող է ազատ ընտրություն լինել, ասենք՝ ում հետ անցկացնի ազատ ժամանակը, ինչով զբաղվի, ինչ հետաքրքրություններ ունենա, երբ ամուսնանա և այլն։

Հատկանշական է, որ հենց հասունության շեմին գտնվող երեխաներն են քննադատության ամենամեծ չափաբաժինը ստանում, և դա՝ այն պատճառով, որ նրանք այնպիսին չեն մեծացել, ինչպիսին նրանց ցանկացել են տեսնել ծնողները։

Բայց նրանք իրենց առջև ինչ-որ բանի հասնելու խնդիր չեն դնում։ Նրանք դա պահանջում են երեխաներից, քանի որ իրենք վախեցել են ապրել լիարժեք կյանքով, վախեցել են իրենց ցանկություններից, սխալներից ու ծիծաղի առարկա դառնալուց։ Արդյունքը դառնում է փախուստը կյանքից ու իրենց ցանկությունների փոխադրումը երեխաների վրա, քանի որ երեխային քննադատելը հեշտ է։

Մի պահ եկեք մտածենք՝արդյո՞ք երջանիկ մարդը ինչ-որ մեկի խստորեն կքննադատի ու ինչ-որ բան կպահանջի, կամ կպարտադրի՞ արդյոք որևէ մեկին կյանքի ռազմավարություն, եթե իր ընտրության մեջ ինքն իրեն հարմարավետ է զգում, ու եթե այդ ընտրությունը գիտակցաբար է արված։

Կան նաև այլ նուրբ պահեր։

Եթե կյանքի ռազմավարությունն ընտրված չէ սիրո ու իսկական ցանկության հիման վրա, այլ վախից, ու մարդու մեջ ինչ-որ բան ճնշված է ու իրացված չէ, ապա այստեղ կարող է տեղ ունենալ նախանձի գործոնը, հաճախ՝ չգիտակցված, ինչից, սակայն, դրա էությունը չի փոխվում։

Իրենց երեխաների վարքից ապշած ծնողները զարմանում են, որ երեխաներն այդքան տարբեր են իրենցից, սակայն հազվադեպ է պատահում, որ ընտանիքում մեծանում են բոլորովին այլ կողմնորոշումներ ունեցող երեխաներ։ Միևնույն թերությունները, խնդիրները, բարդույթները, դժվարությունները քայլում են սերնդից սերունդ։ Պարզապես ծնողները հաճախ չեն ուզում ընդունել, որ երեխաների մեջ տեսնում են իրենց թերությունները։

Ծնողն առանձնահատուկ մարդ է։ Նա երբեք քեզ չի լքի ու չի դավաճանի։

Անկասկած, առանձնահատուկ է, ու հատկապես նրանով, որ նրա ծրագրերը, թերություններն ու բարդույթները մենք մեր մեջ ենք կրում։ Հենց նա է մեր մեջ ներդրել մեր բոլոր ուժեղ ու թույլ կողմերը, ճնշել կամ զարգացրել է մեր տաղանդները, բնավորությունը, ձևավորել համոզմունքներն ու կյանքի սցենարը։

Հաճախ են երեխաները բողոքում, որ իրենց կյանքի ամենավատ ու պատասխանատու շրջաններում ծնողներն իրենց չեն աջակցել։ Սա խոսում է այն մասին, որ ծնողները երեխաներին այն աջակցությունը չեն ցուցաբերել, ինչի հույսը որ վերջիններս ունեցել են, ու իրենց քննադատությամբ ու անտեսելով՝ միայն ուժեղացրել են երեխաների նեգատիվ զգացողությունները։ Միևնույն ժամանակ՝ ուրիշները ցուցաբերել են նրանց այդ աջակցությունը, մինչդեռ ծնողից ամենաառաջինն են սպասում ստանալ այդ աջակցությունը, ու հաճախ հենց նրանից էլ չեն ստանում։

Եթե ծնողները երեխային իսկապես աջակցում են, ապա հավանաբար նա էլ, բնականաբար, նույն բանը կանի, իսկ եթե չեն աջակցել, ապա երեխայից այն պահանջելն այնքան էլ տրամաբանական չէ։

Ծնողներից նեղանալը մեղք է…

Խոսքն այստեղ ծնողներին աստվածացնելու փաստն է։ Երեխան մտածում է, որ ամեն ինչ ունի, որովհետև ծնող ունի, բայց փաստն այն է, որ երեխաները մեծանում են, բայց նրանցից շատերի համար ծնողները շարունակում են աստվածներ մնալ։ Ի՞նչ է կանգնած սրա հետևում։ Վախը, չգիտակցված, չիմաստավորված, առաջնային վախը։

Սակայն, եթե դուք ձեր ծնողներին իջեցնեք իրենց պատվանդանից, կտեսնեք, որ նրանք սովորական մարդիկ են՝ իրենց թուլություններով, թերություններով, սխալներով, որ նրանք կատարյալ չեն ու չեն կարող այդպիսին լինել։

Եվ այդ ժամանակ դուք կդադարեք նրանցից պահանջել, որ աստվածներ լինեն, ամեն ինչ ներող, սիրառատ, միշտ նվիրված, բարի ու համբերատար աստվածներ։ Ձեր ծնողներն աստվածներ չեն, և եթե դուք պատրաստ եք տեր կանգնել ձեր՝ պարտական չլինելու իրավունքին, չարդարացնել սպասումները, չկատարել պահանջները, չտրվել մանիպուլյացիաների, ապա ծնողներին էլ տվեք բնական լինելու իրավունքը, ու թող նրանք լինեն այնպիսին, ինչպիսին կան ու եղել են։

Եթե դուք վերցնում եք ձեր ազատությունը, նրանց տվեք իրենց սխալ, պահանջկոտ ու բռնակալ լինելու իրավունքը։

Ազատության բանաձևը պարզ է՝

  • նրանք ուզելու իրավունք ունեն
  • դուք մերժելու իրավունք ունեք
  • նրանք իրավունք ունեն նեղանալ ու ձեզ արձագանքել, ինչպես կցանկանան
  • իսկ դուք իրավունք ունեք պատասխանել նրանց արձագանքին, ինչպես հարմար կգտնեք, կամ ընդհանրապես չպատասխանել
  • և դա տոտալ պատերազմ չի նշանակում։

Վերջաբան։

Իրավիճակը խորհրդային և հետխորհրդային հասարակությունում միանշանակ էր։ Էությունն այն էր, որ տոհմը չշարունակող մարդը լիարժեք մարդ չէ, չկայացած է։ Այդ պատճառով էլ շատերի կողմից երեխաներն ընկալվում էին՝ որպես անհրաժեշտություն։ Եվ այն ծնողը, ով չի մտածել, թե իր ինչին է պետք երեխան, արդյունքում՝ սոսկ առանց մտածելու՝ կրկնում է ծնողի մոդելը։

Եթե դուք ծնող եք, ով հոգնել է երեխաների հետ կոնֆլիկտներ ունենալուց ու նրանց կողմից հարգանքի բացակայություն զգալուց, ապա փորձեք հասկանալ, որ երեխայի այդպիսի վարքագիծը խոսում է ձեր սեփական թերացումների մասին, որոնք դուք դեռ կարող եք փոխհատուցել։ Դրա համար սկսեք կատարել ձեր սեփական ցանկությունները, ապրեք ձեզ համար, սովորեք խորհրդակցել ձեր երեխաների հետ, ինչպես մեծերի հետ, հարգեք նրանց ընտրությունը, և այդ ժամանակ նրանք ձեզ կպատասխանեն անկեղծ ջերմությամբ ու ձեզ հասկանալով։

Յուրաքանչյուրը, լինի ծնող թե երեխա, կարող է ընդունել մի պարզ բան՝ ուրիշ մարդն ուրիշ մարդ է, և անկախ տարիքից՝ յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, իր ընտրությունն ու սխալվելու իր իրավունքը։

Եվ մեծանալով՝ մենք բոլորս կարող ենք միայն ինքնակամ միմյանց ինչ-որ բան տալ։

Եվ հիշեք՝

  • Ես ես եմ, իսկ դու՝ դու։
  • Ես իմ գործով եմ զբաղված, իսկ դու՝ քո։
  • Ես այս աշխարհում եմ ոչ նրա համար, որ համապատասխանեմ քո սպասումներին, իսկ դու էլ նրա համար չես, որ արդարացնես իմ սպասելիքները։
  • Եթե մենք հանդիպել ենք ու ընկերացել, հիանալի է, իսկ եթե ոչ՝ դրան ոչնչով չես օգնի։

Սա վերաբերում է հավասարապես և՛ ծնողներին, և՛ երեխաներին։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը