Բացի ֆիզիկական կարիքներից՝ սննդից, ջրից, տնից ու բազային հիգիենայից, երեխաները նաև էմոցիոնալ աջակցության, սիրո և հոգատարության կարիք ունեն։ Վերջիններս երեխաները պետք է ամեն օր ու վայրկյան զգան։
Երեխայի ուղեղը…
Վաղ մանկությունն ուղեղի կառուցվածքի հաճախակի և արագ փոփոխությունների ժամանակաշրջան է։ Մանկությունը և մինչև 6-7 տարեկան ժամանակահատվածն այն ժամանակն են, երբ երեխայի ուղեղում ձևավորվում են նեյրոնների միջև բարդ միացություններ։
Ուղեղի նեյրոնների վերջնական ձևավորումը մոտավորապես 80%-ով ավարտվում է 4 տարեկանին մոտ շրջանում։ Այլ կերպ ասած՝ կյանքի այդ տարիքում ապագա հասուն մարդու կյանքը պատրաստ է 80%-ով։
Շատ գիտնականներ համարում են, որ մարդու վարքը մոտավորապես 95%-ով որոշվում է նրա ենթագիտակցությամբ։ Իսկ ե՞րբ է տեղի ունենում այդ ենթագիտակցության ծրագրավորումը։
Դա տեղի է ունենում ծնունդից մինչև 6 տարեկան ժամանակահատվածը:
Ինչո՞ւ է դա կարևոր…
Մեր ուղեղը պատասխանատու է ամեն ինչի կամ գործնականորեն ամեն ինչի համար, ինչ մենք մտածում, խոսում և անում ենք։ Եթե երեխան կյանքի առաջին տարիներին բավարար խնամք ու ուշադրություն չի ստանում, դա ազդում է նրա ուղեղի զարգացման վրա, և արդյունքում՝ երեխայի էմոցիաների համար պատասխանատու բաժինները այդպես էլ մնում են թերզարգացած։ Մանկության շրջանում երեխայի ուղեղի զարգացման վրա ազդող գործոնների և հասուն մարդու բնավորության գծերի միջև կապն այսօր արդեն որևէ կասկած չի հարուցում։
Ամերիկյան հոգեբան Փեգ Սթրիփը վաղ մանկության ու հասուն կյանքի միջև կապը բացատրում է հետևյալ կերպ։ Չնայած այն պնդմանը, որ մեզնից յուրաքանչյուրի մանկությունը բացառիկ է, մենք կարող ենք բավականին ճշգրիտ ու հուսալի եզրակացություններ անել այն բանի կապակցությամբ, թե ինչ էֆեկտ է այն գործում մեր հետագա ողջ կյանքի վրա։ Այդ եզրակացություններն օգնում են հասկանալ, թե ինչպես է մանկությունը ձևավորել ձեր անհատականությունն ու վարքագիծը։
Հոգեբանի այս դիտարկումը մտորումների տեղիք է տալիս։ Ո՞ր վարքագիծը կամ բնավորության ո՞ր գծերն են խոսում այն մասին, որ տվյալ մարդը մանկության տարիներին սիրո պակաս է ունեցել։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրա 7 հիմնական նշանները։
- Վստահելու անկարողություն։
Անհատական մակարդակում վստահության կարողության զարգացման համար անհրաժեշտ է կայուն, դրական շրջապատ։ Հենց այդ պատճառով խիստ կարևոր է, որ երեխաներին շրջապատեն հարաբերականորեն կայուն և հավասարակշռված մարդիկ։ Հիստերիաները, ճիչերն ու իրավիճակի հաճախակի փոփոխությունները բացասաբար են ազդում վստահության զգացման զարգացման վրա։ Երեխաները պետք է իրենց անվտանգ զգան ու իրենց շրջապատից ստանան դրական էմոցիաների լիցքեր։
Եթե մեր երեխաները չունենան կայուն ու բարենպաստ էմոցիոնալ շրջապատ, այդ թվում՝ առաջին հերթին՝ ընտանիքում, ապա հավանական է, որ նրանց համար դժվար կլինի վստահել որևէ մեկին։ Իսկ դա, իր հերթին, բարդություններ է երաշխավորում անձնական հարաբերություններում։
- Ցածր էմոցիոնալ ինտելեկտ։
Երեխաները սովորում են իրենց էմոցիաներն արտահայտել հիմնականում բառերի ու ժեստերի միջոցով։ Եվ մեկը, և մյուսը կարևոր դեր են խաղում երեխայի զարգացման գործում։ Բառերն ու ժեստերը օգնում են արտահայտել սեփական զգացմունքներն ու զգացողությունները, վերահսկել վախը, հասկանալ նեգատիվ էմոցիաներն ու մշակել էմոցիոնալ ճնշման հանդեպ կայունություն։
Առանց սեփական էմոցիոնալ վիճակը կոռեկտ կերպով ներկայացնելու՝ երեխան կարող է լիարժեք չզարգացնել կյանքի համար շատ կարևոր որակ՝ էմոցիոնալ ինտելեկտը։
- Սխալվելու ուժեղ վախ։
Իրենց նկատմամբ անտարբեր շրջապատի ընկերակցությամբ ապրող երեխաներն ունեն սեփական արժանապատվության զգացման հետ կապված լուրջ խնդիրներ։ Ընդ որում, մոտիվացնող ու սիրող շրջապատը նպաստում է դիմացկունության և ինքնավստահության սեգմենտի զարգացմանը։
Փոքր ժամանակ սիրո պակաս ունեցած երեխան, մեծանալով, հավանաբար ինքնավստահության պակաս կունենա։ Որպես կանոն՝ դա դրսևորվում է սխալ գործելու չափից դուրս մեծ վախի արտահայտությամբ։ Շատ հաջողակ մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց ողջ պոտենցիալը միայն այն պատճառով, որ մանկության տարիներին ծնողական բավարար սեր ու քնքշանք չեն ստացել։ Նրանք պարզապես վախենում են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվի։
- 4. Թունավոր անձնական հարաբերությունների հակվածություն։
Մարդկային ուղեղի հասունացումը տեղի է ունենում գլխավորապես ասոցիացիաների ու կերպարների ճանաչողության միջոցով։ Հոգեբանության և կոգնիտիվ նյարդակենսաբանության մեջ կերպարների ճանաչողությունը բնորոշվում է՝ որպես արտաքին աշխարհից ստացված տեղեկատվությունը հիշողությունից ստացված տեղեկատվության հետ համեմատող կոգնիտիվ գործընթաց։
Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, սիրո պակասից տառապած երեխան, հասունանալով, կձգտի նրան, ինչին սովոր է, այն է՝ տոքսիկ մարդկանց հետ շփման։
- Վտանգված լինելու ու կապվածության զգացում։
Գործնականորեն ցանկացած մասնագետ, ով աշխատում է հոգեբուժության ոլորտում, կհամաձայնի, որ ընտանիքի սահմաններից դուրս դրական շրջապատը ունակ է փոխհատուցել ընտանիքի ներսում եղած նեգատիվ միջավայրը։
Սակայն իրականում ամեն ինչ ավելի բարդ է։
Չէ՞ որ, եթե երեխան չի կարողանում վստահել իրեն լույս աշխարհ բերողներին, ովքեր պետք է պատասխանատու լինեն նրա անվտանգության համար, նա ինչպե՞ս կարող է իրեն ստիպել վտահել ընդհանրապես որևէ մեկի։
- 6. Դեպրեսիայի հակում։
Մանկության տարիներին լիարժեք սեր չստացած երեխաները, մեծանալով, հաճախ են տառապում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից։
Որպես կանոն՝ ընկճախտն ու տագնապային վիճակն առաջանում են՝
ա. մանկության տարիների էմոցիոնալ անտարբերությունից
բ. այդ անտարբերությունից բխող բարդություններից, որոնք ջրի երես են ելնում ավելի հասուն տարիքում։
Դեպրեսիան և քրոնիկ տագնապային վիճակը 2 առավել հաճախ հանդիպող հոգեկան հիվանդություններից են աշխարհում։ Եվ հասուն տարիքում դրանցով հիվանդանալու հավանականությունը համեմատաբար մեծանում է, եթե նրա ընտանիքում լուրջ խնդիրներ են եղել, երբ վերջինս երեխա է եղել։
- Չափից դուրս զգայունություն։
Մենք բոլորս էլ բազմիցս լսել ենք մեզ շրջապատող անձանց կողմից ասված շատ բառեր սրտին մոտ չընդունելու մասին խորհուրդներ։ Իրենց խնդիրները հաղթահարել փորձող մարդիկ հաճախ այդ խնդիրները պրոյեկտում են շրջապատողների վրա։ Եթե մենք այդ բառերը մեր հաշվին չգրանցենք, ապա դա կարող է մեզ օգնել հասկանալ նրանց, և հնարավոր է, անգամ օգնել լուծել այդ խնդիրները։
Սակայն այն մարդուն, ով մանկության շրջանում մտերիմներից բավարար սեր և ուշադրություն չի ստացել, այդ խորհրդին հետևելն այնքան էլ հեշտ չէ։ Այդ մարդկանց շարունակ ճնշում է մերժված լինելու վախը, իսկ ինքնավստահության բացակայության հետ մեկտեղ՝ ապացուցում, որ մանկության տարիներին նրանք իրենց անպետք ու չսիրված են զգացել։
Որպես վերջաբան
Մենք բոլորս էլ մեր երեխաներին մեր սերը ցույց տալու մեր եղանակներն ունենք և միայն դրա շնորհիվ ենք մենք կարողանում նրանց հետագա կյանքի ամուր հիմքը դնել։
Այդ կապակցությամբ փորձագետները հետևյալ խորհուրդներն են տալիս՝
- Ձեր երեխաների նկատմամբ սիրո և կապվածության դրսևորումները ձեր ամենօրյա գլխավոր առաջնահերթությունները պետք է լինեն։
- Երեխաներն գովեք հնարավորինս շատ, բայց այդ գովեստը տեղին պետք է լինի, վաստակած։ Օրինակ, եթե երեխան ձեզ օգնել է տնային գործերում կամ բարձր գնահատականներ է ստացել դպրոցում։
- Աշխատեք կյանքի նկատմամբ միշտ դրական վերաբերմունք ունենալ ու պահպանել ձեր էմոցիոնալ հասունությունը երեխաների համար առողջ միջավայր ստեղծելու համար։
- Հիշեք, եթե դուք ծնող եք կամ խնամակալ ու շարունակ ձեզ ճնշված և նյարդային եք զգում, գտնվում եք ընկճախտի վիճակում կամ տխուր եք, դա կարող է բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա։
- Մի վախեցեք օգնության համար մասնագետներին դիմել, եթե զգում եք, որ ինքներդ գլուխ չեք հանում խնդիրներից։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը