Քաղաքական գիտությունների դոկտոր, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Քաղաքական իմաստների տրանսֆորմացիան ժամանակակից ԶԼՄ համակարգում» թեմայով դասախոսում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Ներկայացնում ենք հատվածներ երկու դասախոսություններից:
Հանրայնությունը մինչ սոցցանցերը և սմարթֆոնները
Պատկերացրեք, որ այժմ 2019 թվականը չէ, այլ 2006-ն է: Դեռևս չկան սոցիալական ցանցեր, չեն ստեղծվել հեռախոսներ, որոնք ունեն տեսախցիկներ, և մենք որպես հասանելի իր՝ օգտագործում ենք հեռուստացույց, թերթ, և դրանց միջոցով առարկայացնում ենք նորությունների ֆենոմենը: Պրոֆեսիոնալի համար անմիջապես ծագում են բոլոր այդ «ֆրեյմերը»՝ սառը պատերազմ, գերտերություններ, դիմակայություն, սպառազինության մրցավազք և այլն:
Մենք առարկայացրել ենք աշխարհը այն կարևորագույն իրադարձությունների միջոցով, որոնք տեղի են ունեցել աշխարհում: Որոշ վերապահումով կարող եմ ասել, որ մեզ, ըստ էության, անկարևոր ոչինչ ցույց չեն տվել: Այն, ինչ մեզ ցույց են տվել, իրականում կարևոր էր: Ինչո՞ւ: Տարբեր պատճառներով:
Նախ նորություններ հեռարձակելու և նորություններ հավաքելու ժամանակը խիստ սահմանափակ էր: Այսինքն՝ մեծ անձնակազմը հավաքում էր լուրերն ամբողջ աշխարհից: Դուք հավանաբար տեսել եք՝ ինչպես են հին ֆիլմերում մեքենագրի, հեռագրի, հեռախոսի միջոցով հաղորդում ինչ-որ բան: Այսինքն՝ տեղեկության հավաքումն ինքնին պահանջում էր բավականին մեծ ժամանակ: Տեղեկություն փոխանցելու ուղիները շատ քիչ էին: Բացի այդ, ուշադրություն դարձրեք՝ տեղեկություն ստանալու պահը անպայման պետք է համընկներ տեղեկություն ստանալու տարածքի հետ: Այսինքն՝ հարկավոր էր լինել ոչ միայն ճիշտ պահին, այլև լինել ճիշտ պահին ճիշտ տեղում՝ հեռուստացույցի առաջ կամ ռադիոընդինիչի ռադիուսի մեջ կամ հասցնել թերթ գնել:
2006 թվականն անցել է, հանրային տարածությունը վերացել է, մարդը, որ ունի սոցիալական էջ, դարձել է ամեն ինչ. մարդ, որ ունակ է, կարող է և իրավունք ունի հեռարձակել ամեն բան հրապարակային դաշտում, ի հայտ են եկել մեծ թվով հանրային տարածություններ, որոնցից մեկն էլ Instagram-ն է: Քաղաքական գործիչները սկսել են օգտվել այդ հանրային տարածություններից, քանի որ տեղի է ունեցել հանրային ավանդական տարածության և հանրային նոր տարածության միացում, այսինքն՝ կոնվերգենցիա, իսկ այնուհետև՝ դրանց միաձուլում:
Հանրայնություն, հրապարակայնություն, «մայդանություն»
Լեզուներից մեկը բավականին ուղիղ կերպով հուշում է հանրային տարածության՝ հրապարակի իմաստը: Խոսքն իմ մայրենի լեզվի մասին է, որտեղ «опубликовать» հնչում է «հրապարակել», այսինքն՝ «դարձնել հրապարակային»: Հանրայնությունը հնչում է որպես «հրապարակայնություն», կոպիտ ասած՝ «մայդանություն»: Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ինչ-որ բանի հանրահռչակումը, որն առնչվում է հանրային կյանքին՝ կարևոր իրադարձություններին, իշխանությունների հրահանգներին, պարտադիր կերպով առնչվում է հանրային տարածություններին, իսկ այդպիսիք հրապարակներն են, ամեն դեպքում այն ժամանակ, երբ գոյություն չունեին ԶԼՄ-ները, որոնք կարող էին մարդկանց հասցնել տեղեկություն հրահանգների, հրամանների մասին և այլն:
Ի դեպ, ռուսական միապետությունը հետազոտող Ուորթմանը զարմանքով հայտնել է մի այնպիսի ծիսակարգի մասին, որ ցարական գահի ժառանգորդի ցուցադրումը կառափնարանում, ցուցադրություն էր՝ ժողովրդին: Այսինքն՝ կոպիտ ասած, ժողովրդին ներկայացնում էին ապագա ցարին, ցուցադրում նրա անձը, որպեսզի չլիներ կեղծիք, պետական դավաճանություն, և դա ևս հանրայնացման ակտ է: Այսինքն՝ հանրայնացվում էր ապագա ցարի անձը:
Ամբողջությամբ՝ news.am