Ներկայացումներ խաղալիս նա սիրում է դահլիճի էներգետիկան և չի սիրում փորձերը, ֆիլմերի և հեռուստանախագծերի դեպքում ճիշտ հակառակը` սիրում է նկարահանման ընթացքը, ոչ թե պատրաստի արդյունքը դիտելը. ասում է` դերասանի մասնագիտությանը սիրահարվել է մանկուց, թեև այն ժամանակ չի գիտակցել, թե ինչ է դա։ Նա Արփի Գաբրիելյանն է, որը վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրեց լսարանին ներկայանալ որպես երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի, կարճ ժամանակում գտավ իր տեղը հեռուստատեսությունում ու հաստատուն քայլերով առաջ է գնում։
Tert.am Life-ը սկսում է «Սիրահարված աշխատանքին» խորագիր, որի շրջանակում կներկայացնենք հայտնիների անցած ուղու հետաքրքիր դրվագները, բարդություններն ու մասնագիտության «մութ» կողմերը։
Բացահայտումներով լի զրույցից զատ Արփին Tert.am Life-ին է տրամադրել նաև նոր ֆոտոշարքը։
Առաջին քայլերս հեռուստացույցի առաջ էր
«Երևի, մանկուց եմ սիրահարվել այս մասնագիտությանը,- ասաց Արփին, ով սիրում է իր դերը խաղալ, նույնիսկ, երբ բեմում երգում է ու հիշեց, թե ինչպես էր մանկության տարիներին էլ խաղում իր դերը։ -Ծնողներս պատմում են, որ Սանկտ Պետերբուրգում ապրելու տարիներին միացնում էի մագնիտոֆոնը, սկսում խոսել ու ձայնագրել ինձ, թեև ընդամենը 4 տարեկան էի ու նորմալ խոսել էլ չէի կարողանում, հետո չմիացրած հեռուստացույցի առաջ կանգում, ինչ-որ բաներ էի անում։ 6 տարեկան էի, երբ եկանք Հայաստան, արդեն մեր հարևաններին էի հավաքում որպես իմ հանդիսատես ու տարատեսակ բաներ խաղում։ Ես այդ տարիքում չէի կարող հասկանալ, որ ուզում եմ դերասանուհի դառնալ, բայց արարքներումս դա արտահայտվում էր» ։
Դեռահասության տարիներին նա մասնակցել է «Դո Ռե Մի» և այլ մանկապատանեկան մրցույթների ու փորձել ուժերը բեմում։ Ըստ Արփիի` սիրահարվածությունը սեր դարձավ, երբ որոշեց ընդունվել Թատերական ինստիտուտ, թեև այստեղ նրան բարդ ճանապարհ էր սպասվում։
Շատերը Թատերական գնում են հայտնիության հետևից, բայց սովորելու տարիները հեշտ չեն։ Դասերի ոչ ֆորմալ ընթացքն ու առավոտից երեկո ինստիտուտում մնալը շատերին ստիպում է բնորոշել, որ Թատերականում սովորելը ոչ այլ ինչ է, քան ապրելակերպ։ Արփին հիշում է, որ ուսանողական տարիները հեշտ չէին, նույնիսկ հասցրել էր մտածել, որ ոչինչ չի ստացվի։
«Ես ունեցել եմ հիասթափություններ, հատկապես, սովորելուս առաջին տարում։ Մենք ունեինք դասախոս, որն անընդհատ ասում էր, որ անշնորհք ենք, անտաղանդ, վատ ենք խաղում։ Եթե ես դասախոս լինեի, այդպես չէի անի, որովհետև հեշտությամբ կարելի է կոտրել մարդուն, նա փակի լսարանի դուռն ու այլևս չբացի։ Դա ինձ վրա մեծ սև գիծ էր թողել։ Մտածում էի` չեմ կարողանա, չի ստացվի, սակայն ես ինձ տեսակով դիմացկուն մարդ եմ համարում ու որոշեցի առաջ գնալ։ Ես հավատում էի ինձ, նաև եղան դասախոսներ, որոնք քաջալերեցին ինձ ու ամեն ինչ ստացվեց»,- հիշեց Արփին։
Հիմա Արփին ոգևորությամբ է հիշում, որ չի ունեցել փուլ, երբ չի զբաղվել սիրելի աշխատանքով. «Ինստիտուտը դեռ չավարտված արդեն աշխատում էի հեռուստատեսությունում, ներգրավված էի ներկայացումներում, հետո ֆիլմերում։ Երբ զբաղվում ես քո սիրած աշխատանքով, քեզ ավելի կարևոր ու օգտակար ես զգում»։
Ամբողջությամբ՝ life.tert.am