ԱՄՆ-ի ռրազմածովային ուժերը պատրաստել են նոր ընթացակարգեր, որոնք կանոնակարգում են զինծառայողների կողմից չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) դիտարկման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Թերթի վկայությամբ՝ մշակված կանոնները, որոնք վերաբերում են, ամենից առաջ, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի օդաչուներին, չեն հրապարակվի: Ռազմածովային ուժերի շտաբում այդ որոշումը հիմնավորել են ԱՄՆ-ի այս կամ այլ ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի պահելու ձգտմամբ, որոնց ընթացքում կարող են տեղի ունենալ շփումներ ենթադրյալ չճանաչված թռչող օբյեկտների հետ: «Օդուժի հնարավոր սպառնալիքների» մասին հաշվետվությունները միշտ դիտարկվում են որպես «արտոնյալ տեղեկատվություն», նշել է ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնական ներկայացուցիչ Ջո Գրեդիշերը:
«Դեռ ավելին, ցանկացած զեկույց, որը պատրաստված կլինի նման կարգի հետաքննությունների արդյունքներով, կներառի գաղտնի տեղեկատվություն ռազմական գործողությունների վերաբերյալ,- ընդգծել է Գրեդիշերը:- Հետևաբար, տեղեկատվության տրամադրում լայն հասարակայնությանը (տվյալ դեպքում) չի սպասվում»: