Sputnik Արմենիան որոշել է պարզել` ինչպես են աշխատում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արտակարգ ծառայությունները և որքան օպերատիվ կարող են արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակների։
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռում բռնկված հրդեհի հետ կապված տարբեր վարկածներ և ենթադրություններ են առաջ քաշվում։ Մասնավորապես, ՌԴ ՔԿ–ն այժմ դիտարկում է օդաչուների, դիսպետչերների և օդանավի տեխզննումն իրականացնող անձանց ոչ բավարար պրոֆեսիոնալիզմը, օդանավի անսարքությունը, անբարենպաստ եղանակային պայմանները։ Հատկանշական է, որ քննությունը բարձր է գնահատել հրշեջ ծառայությունների աշխատանքի որակը։ Նրանք անթերի են աշխատել։
Հետաքրքիր է` ինչպես են աշխատում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արտակարգ ծառայությունները և որքան օպերատիվ կարող են արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակների։ Պետք է նշել, որ «Զվարթնոցում» մի անգամ եղել է նման դեպք, որը մասամբ հիշեցնում է այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում։
2008 թվականի փետրվարի 14-ին Երևան–Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 LR ինքնաթիռն օդ բարձրանալիս դուրս էր եկել թռիչքուղուց, շուռ եկել մի թևի վրա, այն հարվածել գետնին, ինչի հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել և օդանավը բաժանվել էր երկու մասի։ Այրվող ինքնաթիռից հնարավոր էր եղել դուրս բերել բոլոր 18 ուղևորներին և անձնակազմի 3 անդամներին։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։
«Դա «Զվարթնոց» օդանավակայանում վերջին տարիներին գրանցված միակ միջադեպն է։ Ի պատիվ մեր հրշեջ–փրկարարական ծառայությունների, պետք է ասել, որ նրանք հաշված վայրկյանների ընթացքում կարողացան վերահսկել իրավիճակը։ Նրանց հմուտ գործողությունների, ինչպես նաև օդանավի տեխնիկական հագեցվածության շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել զոհերից», – 11 տարվա վաղեմություն ունեցող դեպքերն է հիշում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ այսօր օդանավակայանում ժամանակակից հրշեջ–փրկարարական տեխնիկա կա, աշխատակիցները շատ լավ պատրաստվածություն են անցել։ Ունեն 3 Oshkosh Striker-3000 հրշեջ մեքենա։ Դրանք համալրված են հատուկ սարքավորումներով և կարող են հրդեհապաշտպան միջոց մատակարարել 10000 լիտր/րոպե արագությամբ։ Դրանք այսօր համարվում են աշխարհում ամենահզոր հրդեհաշիջման մեքենաները։
Աբրահամյանի խոսքով` «Զվարթնոցի» անձնակազմը գիտի` ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում, այդ թվում նաև ուղևորներին տարհանելու դեպքում։
Հիշեցնենք, որ կիրակի` մայիսի 5-ին, «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու ժամանակ հրդեհվել էր «Աերոֆլոտ» ավիաընկերության SSJ-100 ինքնաթիռը։ Այրվող օդանավում գտնվող 78 ուղևորներից ողջ մնալ հաջողվել է 37 մարդու, 41-ը զոհվել են։ Ինքնաթիռը ստեղծել և արտադրել է «Гражданские самолеты Сухого» ընկերությունը` Finmeccanica-Alenia Aermacchi մասնակցությամբ։ Այն իր առաջին չվերթն իրականացրել է 2008 թվականի մայիսին։ Շահագործման հանձնելուց հետո սա SS-100–ի ինքնաթիռի թվով 4-րդ ավիաաղետն է