Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գիրքը իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։
Իր խոսքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար և նշել, որ «Դանթեական առասպել»-ը Եղիշե Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի է դարձրել նրա անունը։
Միջոցառման ընթացքում ընթերցվել են պոեմի իտալերեն թարգմանությամբ հատվածներ։