Մի հարևան ունեինք, կինն առանձնապես աչքի ընկնող չէր. միջին վիճակագրական կին էր։ Հագնվում էր բոլորի պես, շպարվում էր բոլորի պես, մազերը ներկում էր՝ երբ սպիտակ արմատներն արդեն երևում էին։ Լվացք անող, ճաշ եփող, երեխեքին մեծացնող ամենահասարակ կին՝ առանց աշխարհը գրավելու նպատակի, երկրին փոփոխություն բերելու երազանքի։
Էդ կինն ուներ սովորական-սովորական ամուսին՝ բարբառային բառեր օգտագործող, աշխատավարձը տուն բերող, երեխեքի ծնունդներին Կոլա ու տորթ առնող, մի վերնաշապիկը մինչև ծակվելը մաշող։ Ամենահասարակ ամուսին, ամեն քայլափոխիդ կգտնես։
Բայց ամենահասարակ ամուսինն իր ամենահասարակ կնոջը նայում էր էնպես, ինչպես գուցե շատերին էդպես էլ երբեք չնայեն։ Առիթը բաց չէր թողնում՝ իմ կինը, գիտե՞ք, հրաշալի հաց է թխում, համեղ ճաշ է սարքում, երեխեքի դասերն անում է, շապիկս կա՞՝ կինս է արդուկել։ Մենք գնում ենք դաչա՝ միրգ հավաքենք, կինս կոմպոտ փակի, էսօր գործից շուտ պիտի գնամ՝ կինս վատառողջ է, պիտի խնամեմ։ Երեխեքս սիրուն ե՞ն՝ կնոջս են նման։
Ամբոխի մեջ իրենց չէիր նկատի։ Խանութի հերթի մեջ ամենասովորականն են, տան ճանապարհին կենցաղի խնդիրներից են խոսում, պարտքեր ունեն, հիմա արդեն՝ հաստատ ապառիկներ։ Ամենահասարակ ընտանիք են՝ երեխեքով, արդեն՝ թոռներով։
Բայց մի բանն էր անսովոր՝ սիրում էին իրար, ամենապարզ, թե կուզեք՝ կենցաղային սիրով։
Ու հիմա, իրենց տանը, մեր նախկին հարևանուհին, ոտքը գցած ոտքին, խմում է թեյ, կարդում ձեր՝ ձեզնից թվացյալ տգեղ կանանց մասին չար գրառումներն ու ժպտում է։ Ժպտում է, որովհետև քանի դեռ ենթագիտակցորեն դուք ուրիշին ցածրացնելով փորձում եք ձեր առավելությունն ընդգծել, ինքն արդեն հասկացել է, որ առավելներին չեն սիրում, սիրո մեջ առավել չկա։ Դուք էդպես՝ իբր ավելի լավը դառնալու հետևից էլ կվազեք, չարությունը կկոծկեք հումորով, ու դրան հազար ու մի արդարացում կհորինեք՝ անգամ հենց էս գրառման տակ, իսկ ուրիշ կանայք ուղղակի սիրված կլինեն ու դրանից իրենց սիրուն կզգան։ Ու իսկապես՝ ամենասիրունը կլինեն։
Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից: