Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ համակարգչային խաղերը և թեստերը լավացնում են տրամադրությունը և դանդաղեցնում մտավոր ունակությունների կորուստը դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի ենթակա տարեց մարդկանց մոտ: Այդ մասին տեղեկացնում է American Journal of Psychiatry-ը:
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուղեղի վարժանքը պաշտպանում կամ նույնիսկ լավացնում է մտքի սրությունն այն տարեցների շրջանում, որոնք ենթակա են ճանաչողական խանգարումների զարգացման շատ բարձր ռիսկերի: Դեռ ավելին, նմանօրինակ վարժությունները շատ էժան և անվտանգ են նրանց առողջության համար: Այժմ մենք աշխատում ենք մեր արդյունքները կլինիկական պրակտիկա փոխադրելու վրա»,-պատմում է Ամիտ Լամպիտը՝ Սիդնեյի համալսարանից (Ավստրալիա):
Լամպիտն ու նրա գործընկերներն այս եզրակացության են եկել, ուսումնասիրելով տասնյակ գիտական աշխատություններ և ուսումնասիրություններ, որոնք վերջին քսան տարվա ընթացքում անցկացվել են տարեց մարդկանց մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ այս նախագծերին մասնակցել են գրեթե յոթ հարյուր ծերունիներ և տարեց կանայք, որոնց մի մասն արդեն տառապում էր դեմենցիայից, իսկ մյուսները գտնվում էին ռիսկի խմբում:
Գիտնականները, որոնք կատարել են այդ բոլոր հետազոտությունները, փորձում էին դանդաղեցնել մտքի սրության նվազումը ծերության տարիներին և կասեցնել ծերունական տկարամտության զարգացումը: Դրանց արդյունքների համադրումն ու միավորումը ցույց է տվել, որ այդ նպատակների համար ամենահարմար միջոցը պարզ համակարգչային խաղերն են և ուշադրության ու հիշողության պարզագույն թեստերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: