Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքը ինքնագնաց երթուղային կունենա, որը շենքից շենք կտեղափոխի «քաղաքի բնակիչներին»։ «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառման մասնակիցներից «YEA engineering» կազմակերպության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ այժմ ինքնագնաց մեքենաների ակտիվ փորձարկումներն են իրականացվում Սան-Ֆրանցիսկոյում, Սինգապուրում, նաև ԱՄՆ Արիզոնա նահանգում:
Թե երբ ինքնագնաց մեքենաները դուրս կգան երթուղի, դեռ պարզ չէ, բայց հայկական ինժեներական միտքն աշխարհին օգնում է այս հարցում. մեր մասնագետները ներգրավված են թեսթավորման աշխատանքներում:
ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում այսօր մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: