Հայաստանի ազգային գրադարանի անցյալի հետաքրքիր ակնթարթները, ականավոր ընթերցողներին պատկերող ավելի քան քսան լուսանկար ներկայացվեց հուլիսի 2-ին գրադարանում բացված ցուցադրությանը:
Ցուցահանդեսը նվիրվեց գրադարանի պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյա հոբելյանին:
Գրադարանի աշխատակցուհի Աիդա Ադամյանը, որը պատկերված է լուսանկարներից մեկում, ասաց, որ տարբեր տարիների գրադարանում աշխատել են իրենց գործի նվիրյալներն ու երախտավորները:
«Գրադարանի հավատարիմ ընթերցողներից էին Ավետիք Իսահակյանը, Արամ Բաբայանը, Եղիշե Չարենցը և այլք: Գիտական խորհուրդը որևէ որոշում չէր կայացնում առանց անվանի, տաղանդավոր գրողների, նկարիչների, գրադարանային և մատենագիտական գործի գիտակների կարծիքը հաշվի առնելու»,- շեշտեց Ադամյանը:
Խոսելով այն լուսանկարի մասին, որում Վիլյամ Սարոյանն է` շրջապատված գրադարանի աշխատակիցներով, նա պատմեց. «Երբ Սարոյանն իմացավ, որ գրադարանում աշխատում է 600 մարդ, զարմացած հարցրեց, թե ի՞նչ գործառույթներ են իրականացնում նրանք: Իհարկե, հիմա աշխատակիցների կեսն է մնացել միայն:
Ժամանակին գրադարանի բոլոր ընթերցասրահները լեփ-լեցուն էին ընթերցողներով»,- նշեց Ադամյանը:
Գրադարանի պետական կարգավիճակ ստանալու հարյուրամյակի առթիվ մեծ միջոցառում է նախատեսվում նաև հուլիսի 4-ին, որի շրջանակում տեղի է ունենալու համերգային ծրագիր, մրցանակաբաշխություն և պատվոգրերի հանձնման արարողություն:
Պատվոգրեր են տրվելու գրադարանի աշխատակիցներին, պարգևներ են ստանալու գրադարանի ամենաընթերցասեր այցելուները: