70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի Facebook–յան էջից։
Սերգեյ Մագալյանը ծնվել է 1948թ. օգոստոսի 6-ին:
Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984-ից աշխատում էր Ստանիսլավսկու անվան թատրոնում:
Թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» (Տևիե), Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Լ.Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն:
2007թ.-ին «Երեք քույր» ներկայացման Չեբուտիկինի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում: