«Վերջին բնակիչը» քայլեր էր անում դեպի «Golden Globe» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վերջին բնակիչը» քայլեր էր անում դեպի «Golden Globe»

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պատերազմի մեջ երկու կողմերն էլ զոհ են, տուժող, երկու կողմում էլ մարդկային ճակատագրեր են խեղաթյուրվում, բայց ոչ միշտ է պատերազմի մի կողմում գտնվող անձը հետագայում կարողանում օբյեկտիվ կարծիք հայտնել։ Իսկ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ով անձամբ տեսել է հայ-ադրբեջանական պատերազմի սարսափը՝ իր «Վերջին բնակիչը» ֆիլմում ներկայացրել է ոչ միայն՝ հայի, այլև՝ ադրբեջանցու ողբերգությունը, նրա տեսանկյունը։

15139766_1338407402845881_1598338734_n

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի փակ ցուցադրությունը՝ լրագրողների համար, որին հաջորդեց մամլո ասուլիս ֆիլմի ռեժիսորի և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանի հետ։ Քննարկմանը ներկա էր նաև կինոգետ Զավեն Բոյաջյանը, ով խոսեց ֆիլմի թե՛ դրական, և թե՛ թերի կողմերի մասին։ Ի դեպ, նոյեմբերի 17-ից ֆիլմն արդեն կլինի մեծ էկրաններին։

15086170_1338407392845882_418429803_n

Զավեն Բոյաջյանն իր տպավորությունների մասին ասաց հետևյալը. «Ֆիլմից անմիջապես հետո դժվար է տպավորություններն ի մի բերել։ Եթե շատ ընդհանուր հայտարարի բերեմ, ապա կասեմ, որ հակասական տպավորություն ստացա այս ֆիլմից։ Նախ՝ պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ժամանակակից հայկական կինոյում կա Ջիվան Ավետիսյանի պես ռեժիսոր, ով հավատարիմ է իր թեմատիկ նախապատվություններին։ Նա ասես մեր մոտակա պատմության անցյալի տարեգիրը լինի։ Ես դա դրական եմ գնահատում, քանի որ, ըստ էության, Ղարաբաղյան պատերազմն այդպես էլ հիմնավոր, արժանավայել արտացոլում չի գտել հայկական կինոյում։ Եղել են միայն էպիզոդիկ անդրադարձներ։ Պատմական իրողությունները նա փորձում է ներկայացնել պարզ, հուզիչ, մարդկային պատմությունների միջոցով»։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությունից հետո ֆիլմը մի քանի «մեղադրանքների» է արժանացել՝ թե շատ է ֆիլմում հնչող ադրբեջաներենը, թե հայի կերպարը խեղճ է, Զ.Բոյաջյանը պատասխանեց. «Դուք թվարկեցիք ստերեոտիպ ընկալման դասական նմուշներ։ Ինձ բացարձակապես չի անհանգստացնում, թե ֆիլմում ինչ լեզու է հնչում։ Իսկ հնչող ադրբեջաներենը շատ համոզիչ է և տեղին։ Ի վերջո, ադրբեջանցիները չէին կարող հայերեն խոսել։ Եթե դա քննադատություն է, ապա ոչ մի հակադարձ քննադատության չի դիմանա, քանի որ դա պարզապես ծիծաղելի է՝ համենայն դեպս, ինձ համար։ Ինչ վերաբերում է հայի կերպարին՝ խեղճ կամ հզոր լինելուն, այդ ամենին ևս պետք է նայել ֆիլմի կոնտեքստում»։

15086399_1338407386179216_1840749032_n

Զ. Բոյաջյանը համարում է, որ «Թևանիկ» ֆիլմի համեմատ՝ «Վերջին բնակիչ» ֆիլմի դրամատուրգիան՝ սցենարական կողմը, թույլ է, որ ֆիլմում հնչող երաժշտությունը չափազանց շատ է։ «Թեև ֆիլմը դրամատիկ իրադարձության մասին է, սակայն կուզենայի, որ ֆիլմն այդքան միատոն չլիներ՝ առաջին կադրից մինչև վերջինը։ Հատկապես, որ երաժշտությունը «շռայլորեն» հնչում է ողջ ֆիլմի ընթացքում։ Սերժ Թանկյանի գրած երաժշտությունն իրապես շատ գեղեցիկ է, սակայն անգամ այն տեսարաններում, որտեղ, ըստ իս, կարող էր լինել, օրինակ՝ թռչունների դայլայլ, կրկին երաժշտություն է հնչում։ Կուզենայի, որ ֆիլմում լինեին նաև նեյտրալ տեսարաններ, լիներ հումոր… Չեմ կարող չնշել նաև դերասանական հիանալի խաղը, որտեղ չկար «թատրոն», այլ կար կինոդերասանի շատ լավ խաղ»։ Մեր հարցին, թե ի՞նչ արձագանք է ստացել ֆիլմն ադրբեջանցի հանդիսատեսի կողմից, Ջիվանը պատասխանեց. «Ադրբեջանցիներն արդեն մի քանի հոդված են հրապարակել, որտեղ ընդհանուր առմամբ ասվում է, թե ըստ իրենց՝ «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը համարվում են պատմության խեղաթյուրում։ Այդ հոդվածները տեսել եմ, բայց կոնկրետ ադրբեջանցի հանդիսատես մինչ օրս չեմ տեսել և հանդիսատեսի կարծիք ևս չեմ լսել»։ Ի դեպ, պետք է նշել, որ ֆիլմը նկարահանված է իրական պատմության հիման վրա։ Եվ ֆիլմի գլխավոր դերակատարների իրական հերոսները ողջ են և ապրում են Հրազդան քաղաքում։ Ջիվանը նշեց, որ նրանք տեսել են ֆիլմը և շատ հավանել։ Ինչպես նաև նշվեց, որ քայլեր են ձեռնարկվում՝ ֆիլմը «Golden Globe» միջազգային կինոփառատոնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրիստինե Մարտիրոսյան