Հրաչյա Պետրոսյանը կարծում է, որ Ախուրյանի ջրամբարը` Սպիտակի երկրաշարժի պատճառ լինելու վարկածն իրավունք ունի գոյություն ունենալու, բայց չի նշանակում, որ փաստ է։
Գլոբալ մոնիթորինգի և սեյսմիկ եղանակի կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանն օրերս ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սպիտակի երկրաշարժի առաջացման պատճառ է դարձել Ախուրյանի ջրամբարի շահագործումը։
«Ախուրյանի ջրամբարը չէր կարող առաջացնել Սպիտակի երկրաշարժը»,– վստահեցնում է Պետրոսյանը։
Նրա խոսքով` եթե կտրուկ փոփոխություններ են լինում լճերից կամ ջրամբարներից, դրանք կարող են ցնցումներ առաջացնել, բայց դրանք շատ թույլ են։ Իսկ 7 և ավելի մագնիտուդով երկրաշարժ (ինչպիսին Սպիտակինն էր) կարող են առաջացնել միայն երկրակեղևում ընթացող սեյսմոտեկտոնական պրոցեսները, դրանք լուրջ ուժեր են, լուրջ պրոցեսներ, որոնք հարուցում են ամենաուժեղ և ամենավտանգավոր երկրաշարժերը։