Ուղեղի պատկերը կարելի է ստանալ ուլտրաձայնի օգնությամբ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուղեղի պատկերը կարելի է ստանալ ուլտրաձայնի օգնությամբ

Ամերիկացի գիտնականները ներկայացրել են հետազոտությունների էնդոսկոպիկ մեթոդների այլընտրանքը։ Քարնեգի-Մելոնի համալսարանի մասնագետները առաջարկել են օգտագործել ուլտրաձայնը կենսաբանական հյուսվածքների օպտիկական պատկերն ստանալու համար։

Փորձի շրջանակում գիտնականները ցուցադրել են, որ ուլտրաձայնի օգնությամբ կարելի է արդյունավետորեն ֆոկուսացնել տեսանելի լույսը հյուսվածքների ներսում։ Գաղափարը կատարելագործվեց. վիրտուալ օպտիկական լինզայի ստեղծման համար կիրառվեցին ուլտրաձայնային ալիքներ։ Դա, իր հերթին, օգնում է ստանալ խոր կառույցների պատկերը։ Հետազոտողները համոզված են, որ այս մեթոդը կարող է հեղափոխական բեկում դառնալ օրգանների եւ հյուսվածքների վիզուալացման ոլորտում։

Գիտնականների կարծիքով՝ նորարարական մեթոդի իրագործման համար անհրաժեշտ տեխնիկական լուծումները կարելի կլինի օգտագործել շարժական սարքերում, ինչը կօգնի ստանալ անհրաժեշտ օրգանների պատկերները։ Հյուսվածքների եւ օրգանների օպտիկական պատկերն ստանալու համար բավական կլինի սարքը տեղադրել մարդու մաշկի վրա։

Նոր մեթոդը, այն ստեղծողների խոսքով, կարող է կիրառվել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրման եւ բուժման, ինչպես նաեւ ուղեղի եւ անոթների հետազոտման ժամանակ։

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

med.news.am