Նյու Յորքում տարիներ առաջ մի ճաշկերույթի էի մասնակցում, որին ներկա էր նաև իմ անչափ սիրելի բանաստեղծ Զահրատը։ Լուսանկարում կողքինս նա է։
Թեթև վիճում ենք հայերենի նոր ուղղագրության հարցով։
Դե՝ ի՞նչ ինքն իրեն հարգող սփյուռքահայ, որ հայաստանցի տեսնելով այս հարցը չբարձրացնի։ Հետս վիճում էր նաև բաղաձայնական համակարգի հարցով՝ համոզված, որ մե՛նք ենք աղճատել այն։
Երբ բացատրեցի, որ եթե բաղաձայների արևմտահայերեն արտասանությունը մաշտոցյան լիներ, հապա ինչո՞ւ է պայթականների մի ամբողջ խումբ՝ շնչեղ խուլերը (փ, ք, թ, ց, չ) արևմտահայերենում արտասանվում այնպես, ինչպես բ, գ, դ, ձ, ջ շարքի հնչյունները (որոնք արտասանվում են պ, կ, տ, ծ, ճ. Արտասանական տեղաշարժ է կատարվել)։ Այսինքն, Մաշտոցն ինչո՞ւ պիտի ստեղծեր փ, ք, թ, ց, չ հնչյունները, եթե արդեն իսկ բ, գ, դ, ձ, ջ-ն արտասանում եք իբրև փ, ք, թ, ց, չ։ Ավելորդ հնչյուննե՞ր է ստեղծել։ Մինչդեռ վկայված է, որ Մաշտոցն այբուբենն ստեղծել է ամեն հնչյունին մեկ տառ սկզբունքով, հետևաբար, ավելորդ հնչյուններ չեն եղել։
Զահրատը շատ լավ հասկացավ ասածս, բայց շարունակում էր վիճել, մինչև որ անդրադարձա, որ ուզում էր հոգուս հետ խաղալ։ Հետո իրար հետ բավական ծիծաղեցինք ինքներս մեզ վրա։
Անունս դրել էր «կարճ փեշով Հասմիկ»։ Կնամեծար տղամարդ էր։
Լուսանկարում Զահրատի մյուս կողքինը հայրս է՝ Սարգիս Հարությունյանը, ապա՝ Պերճ Թուրաբյանը։ Անահիտ Դաշտենցը, ենթադրում եմ, մեզ լուսանկարելու պատճառով կողքներս չէ։
Գրականագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: