1. Հարի Փոթերի տիեզերք
Բրիտանացի հեղինակ Ջոան Ռոուլինգի ստեղծած՝ հրաշագործների այս աշխարհը, կարող ենք ասել, մեր (իրական) աշխարհի ամենահայտնի (ոչ իրական) աշխարհն է: Ֆանտաստիկ այս գրքաշարը ֆիրմաշարի է վերածվել սկսած 2001թ.-ից: Ֆիլմաշարը գրքաշարին շատ համապատասխան ձևով երկրպագուներին ներկայացնում է հրաշագործների մի տիեզերք, որը տարբերվում է մարդկանց՝ մագլների աշխարհից: Հոգսմիթում կարող ես խմել այս աշխարհի ամենահամեղ գարեջուրը՝ բաթըրբիըրը, գնել կախարդական փայտիկ կամ ցախավել, «սեփական» բու ու սա դեռ միայն սկիզբն է: Այս ամենը քեզ հետ կարող ես տանել Հոգվարթս, որտեղ քեզ սպասում է աներևակայելի հրաշքներով լի մի մոլորակ: Այստեղ գոյություն ունի նախկինում երբևէ չլսված սպորտաձև՝ քուիդիչը, կան բազմաթիվ թուրմեր ցանկացած «առիթի» համար, այստեղ փոստը բերում են բվերը, իսկ պատի նկարները խոսում են, աստիճաններն էլ՝ շարժվում: Հոգվարթսի տարածքում է գտնվում Արգելված անտառը, որտեղ քեզ ուրախ կլինեն դիմավորել հսկայական սարդ Արագոգն ու իր «ընկերները»: Մի խոսքով այս աշխարհից երբեք չես հագենա, պարզապես շարունակ կզարմանաս, թե ինչպե՞ս մարդկային միտքը կարող է ոչնչից ստեղծել նմանը չունեցող այնպիսի տիեզերք, որի դռները միշտ բաց են քեզ համար՝ որտեղ էլ, որ լինես:
2. Նարնիա
Գրեթե բոլորը գիտեն, որ Հարի Փոթերի աշխարհ տեղափոխվելու համար պետք է անցնել 9 3/4 պլատֆորմում գտնվող պատի միջով, իսկ Նարնիա տեղափոխվելու համար պետք չէ գնալ բրիտանական կայարան, այլ ուղղակի ունենալ զգեստապահարան: Ամեն ինչ այքան հեշտ է… բայց ոչ:
Նարնիան ստեղծել է բրիտանացի հեղինակ Քլայվ Սթեյփլս Լյուիսը: Հենց այս աշխարհում են տեղի ունենում Լյուիսի 7 մանկապատանեկան նովելների իրադարձությունները՝ «Նարնիայի քրոնիկոնները»: Այստեղ որոշ կենդանիներ կարողանում են խոսել, միֆային արարածները կյանքի են կոչվում, դե իսկ կախարդանքն էլ սովորական բան է:
Ըստ հեղինակի ներկայացրած պատմության Նարնիան ստեղծել է հսկայական առյուծ Ասլանը և այն լցրել խոսող կենդանիներով ու միֆային արարածներով: Լյուիսի ստեղծած քարտեզի համաձայն էլ այն ավելի քան 150մղոն երկարություն ու 100 մղոն լայնություն ունի: Այստեղ կգտնեք Արքենլենդ երկիրը, Քալորմեն կայսրությունը և Հսկայական անապատը: Կկարողանաք տեսնել հսկաների, վիշապների ու փյունիկների, թելմարինների, կիսամարդ-կիսաձիերի՝ կենտավրոսների, ու շատ այլ էակների, որոնց մասին կարող եք միայն երազել:
Արդեն գրքաշարի միջոցով մեծ հայտնություն ձեռք բերած Նարնիան էլ ավելի մեծ հեղիանկություն է վայելում 2005թ.-ից սկսած՝ այդ աշխարհի մասին պատմող առաջին ֆիլմի թողարկումից հետո: Նարնիան դարձել է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների ու պատանիների երազանքի աշխարհներից մեկը, որտեղ ցանկացած հնարավորության դեպքում ուզում ես փախչել… պետք է պարզապես հարմար պահարան գտնել:
3. Արդա
Հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծած «Մատանիների տիրակալը» և «Հոբիթը» գրքերի դեպքերը հենց այս աշխարհում են զարգանում՝ Արդայում, որը Երկիր մոլորակի անցյալն է հեղինակի հորինած հին ժամանակաշրջանում: Թոլքինի այս աշխարհում է գտնվող մայրցամաք Միջերկիրը, որտեղ մի կողմում բնակվում են հրեշտակային վալարները, էլֆերն ու մարդիկ, իսկ մյուսում չար մելքորները, օրքերը, վիշապներն ու ստրկացված մարդիկ: Հեղինակը նույնիսկ քարտեզներ է գծել Միջերկրի համար, ինչն այնքան մանրամասն է ներկայացված, որ ֆիլմը նկարահանելիս ուղղակի անհնար է սխալ գործել: Թոլքինի քարտեզները նկարազարդ են, սովորաբար բարձր լեռներով, անտառներով, կարևոր վայրերն էլ չափազանց իրական են նշված:
Առաջին անգամ Արդան, Միջերկիրը, Թոլքինի էլֆերի ու մյուս հեքիաթային արարածների աշխարհը էկրանին մեզ է հանդիպել 2001թ.-ի-ն թողարկված «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն»-ը ֆիլմում: Այստեղ հոբիթների տները փոքր են՝ կարծես գետնի մեջ խրված, կլոր դռներով, իսկ էլֆերի արքայությունը նրանց պես աներևակայելի է՝ ժայռերով ու հսկայական դղյակով: Նրանք գրքաշարի պես ունեն իրենց լեզուն, տառերը, բառերը… Իսկապես՝ սա մի ամբողջ հեքիաթային տիեզերք է:
4. Գոթեմ քաղաք
Ամերիկյան DC կոմիքսներից հայտնի այս քաղաքն ավելի ճանաչված է որպես ամենահետաքրքիր կերպարներից մեկի՝ Բեթմենի «հայրենիք»: Նյու Ջերսիի տարածքում «գտնվող» այս հորինված տիեզերքի հայտնի «քաղաքացիներից» է նաև Ջոքերը` Բեթմենի թշնամին, սակայն պետք չէ անհանգստանալ. Բեթմենի հետ դու ապահով ես:
Գոթեմի ծագման հետ մի շարք պատմություններ են կապված, ըստ որոնցից մեկի շատ դարեր առաջ մի չար մոգ ողջ-ողջ թաղվել է այն կղզու տակ, որտեղ մի օր պետք է ստեղծվեր Գոթեմ քաղաքը: Հենց այդ մոգի չար ուժն էլ թունավորել է այդ տարածքն իր չարությամբ:
Արդեն 18-րդ դարի վերջում, 19-րդ դարի սկզբում Գոթեմը հայտնի էր որպես նավահանգստային խոշորագույն քաղաք: 1800-ականներին հենց այս քաղաքում Թոմահոուք անունով մի սահմանապահ չղջիկներով լի մի քարանձավում կռվեց բրիտանական լրտես Ջերալդ Շիլինգի հետ: Հենց այս քարանձավը տարիներ անց դարձավ այն վայրը, որտեղ Բեթմենը գերբնական կարողություններ ձեռք բերեց:
Քաղաքն ունի իր դպրոցները, գետերը, փողոցների անունները, բիզնես ու զվարճանքի կետերն ու այն ամենն, ինչ սովորաբար պետք է մեծ քաղաքի բնակիչներին: Այն կինոաշխարհում ևս այնքան հայտնի է, որքան կոմիքսասերների շրջանում, և այստեղ տեղի ունեցող ցանկացած բան հետաքրքիր է:
Այս մտացածին քաղաքը հայտնի է որպես աշխարհի ամենաշատ հանցագործներով ու հանցագործություններով լի քաղաք: Դրա մութ փողոցներում շրջում են բազմաթիվ վտանգավոր մարդիկ, որոնց դեմ միշտ չէ, որ հեշտ է պայքարել: Գոթեմում ավելի շատ չարագործներ կան, քան հերոսներ, բայց եթե բախտդ բերի, քեզ մի լավ պահապան բաժին կընկնի:
Ինչքան էլ մութ ու վտանգավոր լինի Գոթեմը, միևնույն է, այն, ասես, դեպի իրեն է ձգում կինոսերներին՝ ստիպելով ավելիին սպասել, կամ էլ ուղղակի սկսել կոմիքսներ կարդալ:
5. Իմացյալ աշխարհ
«Գահերի խաղը» սերիալի և դրա հիմքում ընկած՝ Ջորջ Մարտինի «Կրակի և սառույցի երգը» վիպաշարի՝ մի քանի մայրցամաքից բաղկացած աշխարհը անվանում են Իմացյալ աշխարհ: Որոշ ոչ պաշտոնական աղբյուրներն էլ այն կոչում են Պլանետոս:
Այստեղ պատմության մեծ մասը տեղի է ունենում Վեսթերոսում, ինչը մի մեծ քաղաքական միություն է՝ հայտնի որպես 7 թագավորություններ: Այս թագավորությունները բաժանվում են 9 տարածաշրջանի, իսկ մի հսկայական սառցե պատ բաժանում է այս ամենը մի տարածությունից, որտեղ բնակվում են սպիտակ քայլորդները:
Իմացյալ աշխարհում կան բազմաթիվ հորինված քաղաքներ, ազգություններ, երկրներ, տներ, որոնք իրենց հերթին ունեն համապատասխան դրոշներ, հիմներ, բարքեր, սովորույթներ ու այն ամենն ինչ օգնում է ցանկացած երկրին երկիր համարվել: Այս աշխարհում եղանակն անկանխատեսելի է. լինում է, երբ մի եղանակը տարիներ է տևում և երկար ամռանը հաճախ փոխարինում է ավելի երկար ձմեռը:
Այստեղ մարդիկ չեն հավատում հրաշքների, կախարդանքների կամ Մյուսներին, բայց կրոնը մեծ դեր ունի նրանց կյանքում ու մարդիկ տարբեր Աստվածների են դավանում: Այստեղ չեն հավատում վիշապներին, բայց նրանք ևս գոյություն ունեն…
Իմացյալ աշխարհը նույնպես ունի քարտեզների իր հավաքածուն, որոնք հենց Ջորջ Մարտինն է ստեղծել: Այո՛, քարտեզները գոյություն ունեն, բայց այս աշխարհը, ինչպես այս հոդվածի մյուս բոլոր աշխարհները, գտնելն ուղղակի անհնար է…