Արդեն ներկայացրել էինք armday.am-ի «Սուրբ Հովհաննես մատուռի երկնային ուժը» նյութը:
Թեմային անդրադարձել է նաև shantnews.am-ը, գրելով.
«2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են: Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան (2197մ) կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը: Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:
Հասնում ես սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում: Առաջին մի քանի հարյուր մետրը լուռ բարձրանում ես՝ մտքումդ խոսելով Աստծո հետ: Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ՝ դանդաղում: Մոտակա հարմար քարին հասնելով՝ ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել:
Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Մարդիկ գալիս են մենակ, խմբերով, հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ:
Ճանապարհին հանդիպող մարդկանց առաջին հարցը մեկն է՝ «Շատ կա՞ դեռ, որ հասնենք»:
«Այո՛, հասնում եք այն բարձր կետին, դրանից հետո էլի 1.5 կիլոմետր վերև եք բարձրանում ու կհասնեք»:
Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում:
Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում՝ շունչ առնելու համար: Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ «երազանքի» ծառ են սարքել՝ ծառից կախելով գուլպաներ, ներքնաշոր, նույնիսկ գոտի:
Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-1.5 ժամ:
Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը: Հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով՝ հասնում լեռան գագաթ:
Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ, պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին:
Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: Մատուռի տարածքում 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: Վերջինը տեղադրում էին մեր այցելության օրը՝ օգոստոսի 15-ին:
Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված՝ մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում (հաջորդիվ կանդրադառնամ նաև մատուռի տարածքում ծավալվող բիզնեսին):
Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված: Բազմաթիվ վառված մոմերի արանքում՝ հալված մոմերի վրա, հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար: Ներսում խաչքարերի չափ, կամ գուցե ավելի, խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:
Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջբոլորը:
Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել: «Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, սուրբն ինքն է քեզ ճանապարհում»,- մեկնաբանում են հավատացյալները»: