10 նախազգուշացնող նշան, որ շտապ հարկավոր է դիմել գինեկոլոգի օգնությանը
Advertisement 1000 x 90

10 նախազգուշացնող նշան, որ շտապ հարկավոր է դիմել գինեկոլոգի օգնությանը

Խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում վեց ամսվա ընթացքում մեկ անգամ այցելել գինեկոլոգի: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ այս 10 ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկական օգնության:

Արյունահոսություն, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ: Այս խնդիրը կարող է կապված լինել մի խումբ գործոնների հետ, այդ թվում՝ հորմոնալ խանգարումների: Դիմեք մասնագետի:

Ցավ սեռական հարաբերության ընթացքում: Եթե սեռական հարաբերության ընթացքում ցավ եք զգում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել սնկային վարակով, ֆիբրոմայով, փոքր կոնքի օրգանների բորբոքային, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով:

Դաշտանային ցիկլի փոփոխություններ: Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են պայմանավորված լինել մի խումբ գործոններով, այդ թվում՝ հղիություն և կրծքով կերակրում, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, բորբոքային հիվանդություններ, արգանդի միոմա: Բոլոր դեպքերում հարկավոր է բժշկական օգնության դիմել:

Երկարատև, առատ դաշտանային ցիկլ: Եթե արյունահոսությունը մի շաբաթից երկար է տևում և շատ առատ է, հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Ծանր նախադաշտանային համախտանիշ: Սերոտոնինի մակարդակի տատանումները կարող են դեպրեսիայի, հոգնածության, ախորժակի մեծացման, քնի փոփոխությունների պատճառ դառնալ: Եթե նկատում եք, որ դաշտանին նախորդող օրերը շատ ծանր են անցնում, դիմեք մասնագետի օգնությանը:

Որովայնի փքվածություն: Սա ձվարանների քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից մեկն է: Հարկավոր է շտապ դիմել մասնագետի օգնությանը, եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է անհարմարության զգացմամբ և ցավով, իսկ փքվածությունը դաշտանի սկսվելուց հետո չի անցնում:

Քոր միզարձակման ընթացքում: Սա կարող է վկայել միզասեռական համակարգի վարակների մասին:

Հաճախակի միզարձակման ցանկություն: Սա կարող է վկայել արգանդի միոմայի, դիաբետի առկայության մասին:

Արտասովոր արտադրություն: Դաշտանային ցիկլի որոշակի փուլերում նկատվում է արտադրություն, ինչը նորմալ է, սակայն հարկավոր է դիմել մասնագետի, եթե արտադրության գույնն ու հոտը փոխվել են: Սա կարող է վկայել դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և այլ խնդիրների մասին:

Ցավ որովայնում: Պարբերական և երկարատև ցավը մասնագետի դիմելու առիթ է: Խնդիրը կարող է պայմանավորված լինել էնդոմետրիոզով, որի դեպքում հարկավոր է դիմել մասնագիտական օգնության:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը