Հանչժոուի (արեւելյան Չինաստան) համալսարանի գիտնականները ստեղծել են նոր նյութ, որը կարելի է վստահաբար համարել ատամի էմալի կատարյալ պատճեն. նյութը գրեթե նույն կառուցվածքն ունի, ինչ մարդու ատամի էմալը։
Սթիվեն Չենը South China Morning Post ամսագրի հոդվածում գրել է, որ բյուրեղանման նյութը կարող է աճել ատամների վրա։ Այդկերպ այդ նյութը, որը բաղկացած է կալցիումի ֆոսֆատի իոնների շերտերից, կարող է վերականգնել ատամի վնասված էմալը. հեղուկ նյութի մի քանի կաթիլները կարող են շտկել ծերացող ատամի չնկատվող բոլոր ճեղքերը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր նյութն իսկապես կարող է աճեցնել ատամների վրա բարակ պաշտպանական թաղանթ։ Հանքանյութն ունի այնպիսի կառուցվածք, որը հիշեցնում է ձկան թեփուկը եւ ունի բարձր մեխանիկական ամրություն, գրեթե այնպիսին, ինչպիսին մարդու ատամի էմալն է։ Այդ նյութը կարող է կիրառվել որպես արդյունավետ միջոց կլինիկական պրակտիկայում էմալի էրոզիայի բուժման համար, որը ատամների փչանալու հիմնական պատճառն է։
Հետազոտողների խոսքով, որոնց ղեկավարն է պրոֆեսոր Թան Ժույկանը, հենց այդ նոր նյութի շնորհիվ էլ ատամների վերականգնումը «մշտական կլինի»։