Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Մեկ տարուց ավել է, ինչ Դուք հանդիսանում եք ՀՀ առողջապահության նախարար։ Այս ողջ ժամանակահատվածում Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի անձնակազմը մշտապես զգացել է Ձեր արհամարհական վերաբերմունքը իր հանդեպ։ Ձեր վերաբերմունքը կենտրոնի նկատմամբ արտահայտվեց այն հանգամանքով, որ Դուք այդպես էլ ժամանակ չգտաք այցելելու Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, հանդիպելու անձնակազմի հետ և տեղում ուսումնասիրելու ու հասկանալու առկա խնդիրները։
Դուք կարող եք առարկել, որ ՈւԱԿ-ը գտնվել է ոչ թե Առողջապահության նախարարության, այլ Գույքի Կառավարման Կոմիտեի ենթակայության տակ։ Այդ դեպքում հարց է ծագում. ի՞նչ հիմքով էիք իրականացնում այդ բազմաթիվ ստուգումները, որոնք ընդհանուր առմամբ տևել են մեկուկես տարի, և որոնց արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել` անձնակազմի քրտնաջան աշխատանքի և տնօրենի արդյունավետ կառավարման շնորհիվ։
Ձեր արհամարհական և ոչ բարյացակամ վերաբերմունքը կենտրոնի հանդեպ արտահայտվել է նաև վերջին իրադարձությունների ընթացքում, երբ Դուք, առանց անձնակազմի կարծիքը հարցնելու և վերջինիս հետ հաշվի նստելու, նախաձեռնել եք Արմեն Տանանյանի` տնօրենի պաշտոնից ազատելու գործընթացը` իրականացնելով, ինչպես ինքներդ եք նշել, Ձեր մեկ տարվա երազանքը։
Արմեն Տանանյանը գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, առաջատար վիրաբույժ, եռանդով լի երիտասարդ, ով վայելում է ամբողջ կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։ Նա կատարել է ահռելի աշխատանք՝ զարգացնելով և շենացնելով կենտրոնը այս 5 տարիների ընթացքում։
Կյանքիս 37 տարիները նվիրել եմ այս կենտրոնին, և ինձ համար վիրավորական է ուղիղ եթերում Ձեր հնչեցրած հարցը՝ արդյոք գո՞հ էք Ուռուցքաբանության Կենտրոնի աշխատանքից։ Դուք ինքներդ լավ գիտեք, որ ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է փրկել մարդու կյանքը։ Խաղալով վշտի մեջ գտնվող մարդկանց զգացմունքների հետ` անընդհատ փորձում եք տրամադրել նրանց բուժանձնակազմի դեմ` քաղելով Ձեր համար դիվիդենտներ՝ իբր ժողովրդի մասին մտածող նախարար։
Ցավալի է, որ Դուք փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգանք վայելող մարդուն, ինչպիսին է ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
Ես կհասկանայի Ձեզ, եթե այսօրվա մամլո ասուլիսին հանրահայտ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի և լրագրողների հարցերին պատասխանեիք և պարզաբանումներ տայիք ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փոխարենը նախընտրեցիք կիրառել Ձեր կողմից սիրված մեթոդը՝ հանրության հետ շփվել Ֆեյսբուքի միջոցով և դրանով իսկ խուսափել հակառակորդի աչքերի մեջ նայելուց։ Ձեր ընտրած կառավարման մոդելը հանգեցնում է տխուր արդյունքների և բազմաթիվ հարցերի առիթ է տալիս, որոնք պահանջում են հրատապ լուծումներ»,- նշել է նա։