Հավլաբարից ամեն ինչ երեւում է։ Ամբողջ Թիֆլիսը իր ծակուծուկով՝ Շեյթան բազարը, Երեւանյան հրապարակը, Սապնի քուչան, Նարիղալան, Սուրբ-Սարգիսը, Սիոնը, հունական եկեղեցին… Հավլաբարից երեւում են պարոն Խատիսովի, Մելիք-Կազարովի տները, Թամամշեւի քարվանսարայը, Տեր-Օսիպովի, Զուբալովի թատրոնները, Գոգիլովի բաղնիքը… Հավլաբարից երեւում են տիկին Սալոմկայի խաժ աչքերը, մադամ Սուսաննայի ճերմակ ոտքերը, քալբատոնի Մերիի՝ ֆունիկուլյորին միշտ ուղղված, նրան հավասար պահած հպարտ կուրծքը… Հավլաբարից երեւում են չարչի Մարտիրուզի ներքնակի մեջ հավաքած փողերը, բմբուլի գող Սոփոյի ճերմակ մազերը, Լոքո Սաքոյի կարկատանները… Հավլաբարից, տո՛, երեւում է Կոջորը, Բորչալոն, Շավնաբադին ու… Փարիզը։Հավլաբարից երեւում են Թիֆլիսի հարսանիքներն ու թաղումները, հիվանդություններն ու երազները… Հավլաբարից երեւում են Թիֆլիսի դարդերը։ Ու թե դարդերը շատ են տանջում քեզ, Հավլաբարից երեւում է Սարկիսովի գինու պադվալը՝ որտեղ «հարբելը արժե մի աբասի»։ Նշանակում է՝ ոչ թե գինին արժե մի աբասի, այլ դարդեր խեղդելու գինը մի աբասի է։ Խմիր ինչքան կարող ես։ Հարբելը արժի մի աբասի։ Գիտեն, որ դարդերը շատ են Թիֆլիսում, Հավլաբարի շուրջն ու Հավլաբարում… Հավլաբարում մարդիկ թասիբ են պահում, նամուսի համար իրար աչք են հանում, իրար սպանում են, իրենք իրենց են սպանում… Ու սիրում են սպանելու չափ, ատելու չափ, փախչելու չափ… Ու եթե սիրելուց դարդակոխ են լինում, ճարի մի աբասի ու գնա Սարկիսովի գետնափոր գինետունը։
Կինտո Գորելոն սիրեց բայղուշ Օլային ու ամեն գիշեր հավաքում էր քառասուն դուդուկչի ու Հավլաբարում երգ երգում, Սայաթ-Նովա երգում, Բեսիկի երգում, որ բայղուշ գեղեցկուհու դեմքին մի թեթեւ ժպիտ երեւա, մի քիչ նայի իր կողմը թախծոտ աչքերով…
Քառասուն դուդուկի հնչյունները տարածվում էին Թիֆլիսի վրա՝ ինչպես շռայլ, մեծ քեֆի սեղանին՝ ընդարձակ ծածկոցը։ Եկեղեցիների խաչերը ուռենիների նման օրորվում էին նրանց հնչյունների ուժից…
Սերը ման էր գալիս Հավլաբարում, եւ ո՞վ գիտե, թե որտեղի՞ց էր դուրս գալու էդ բեմուրազը, ո՞ւր էր մտնելու։ Մեկին աշխարհի տերն էր դարձնում, մյուսին մասխարա շինում. վրան ղեինի նման կախում էր դաֆ ու քամանչա, ուսերին նստեցնում սոխակ ու բլբուլ, ու էդ մասխարան, որ ման էր գալիս, ձայնը գցում էր Հավլաբարով մեկ, նշանակում է՝ Թիֆլիսով մեկ։ Ոմանց՝ սիրուց դաղվածներին, շատ էր սիրում Հավլաբարը, գլխի վրա էր պահում, ոմանց ցեխն էր կոխում, աչքով-աչք չուներ։ Դե արի ու սիրի պարոն Ասատուրյանին՝ Միրզա Ասատուր Խանին, երբեմնի ամենապատվավոր մարդուն Հավլաբարում, որ փիլիսոփա էր, ամեն ինչ գիտեր, Դիոգինեսից էր պատմում, ամեն ինչ տեսել էր աշխարհի երեսին, մազերը ճերմակ, ոնց որ Հավլաբարի մաքրությունը, աչքերը կապույտ, ոնց որ Հավլաբարի երազանքը, բոյ-բուսաթով, ոնց որ Հավլաբարի բարձրությունը Թիֆլիսի վրա։ Խելոքներից խելոքը, գիտուններից գիտունը, ման եկող գրադարան. Սոլոլակում խոսում էր հայերեն, Վերայում խոսում էր վրացերեն, վանքի բակում խոսում էր գրաբար, Սիրաչխանայի արհեստավորների հետ՝ աշխարհաբար, Դվորցովայի վրա՝ ռուսերեն, թուրքի մեյդանում՝ պարսկերեն, Կիրիչնոյում՝ գերմաներեն, հավլաբարցիների հետ՝ Հավլաբարի լեզվով։ Բայց թե սերը ինչ լեզվով կպավ նրան, ոչ ոք գլուխ չէր հանում։ Հավլաբարը հաստատ համոզված էր, որ Միրզա Ասատուրը էդ լեզուն չգիտեր ու էդ լեզվով չպիտի խոսեր։ Բայց արի տես, որ էդ լեզվով էլ խոսեց, երանի թե չխոսեր։ Խայտառակ եղավ Հավլաբարում, Հավլաբարն էլ չէր կարող պարծենալ նրանով։ Ախր, ափսո՜ս, կար ժամանակ, հավլաբարցիները հատուկ, պարտադրաբար գդակ էին դնում, որ Ասատուր խանին հանդիպելիս՝ գլուխը մերկացնեն, ուրիշ ո՞նց կարող էին իրենց հարգանքը հայտնել։ Ու հիմա՜… Միակն էր Հավլաբարում ու գնաց խառնվեց բոլոր դարդիմանդներին։ Հիմա էլ ինչի մասին հարցնես նրան, երբ ինքը խորհրդի կարիք ունի։ Բա, իհարկե… Տո, պարոն Ասատուր, ջուղայեցի Միրզա Ասատուր խանի որդի, որ ծնվեցիր Հավլաբարի ամենահին ու պատվավոր տան մեջ, իսկական հավլաբարցի, Հավլաբարի խելքն ու խիղճը, հետո գնացիր Գերմանիա, ուսում առար, սրբի պես ապրեցիր, Էջմիածնում Աստծո Բանը սովորեցիր, Վենետիկում՝ փիլիսոփայություն ու մարդու դարդի պատմությունը… որ հիմա էդպես հեշտ կորցնենք, ինչ-որ մի պեպլած, սիրունիկ մունդռեկ մեր ամագն ու սերը հարամացնի՞։ Հետո հայրդ մեռավ, ողորմած Միրզա Ասատուր Խան ավագը, Հավլաբարը սուգուշիվանի մեջ էր. նրա դագաղի տակ մտան բոլոր ղարաչոխելիները, ուսուցիչներն ու դերասանները, կինտոները Մցխեթի բաղերը՝ ծաղիկները՝ հողով-մողով, քոքով-բանով, տանում էին առջեւից, ինքը՝ Գաբրիել աղա Սունդուկյանցը, գլխարկը հանած, գալիս էր ետեւից։ Ման ածեցին Հավլաբարում, հետո մի քանի անգամ պտտեցրին Թիֆլիսում, հետո նորից բերեցին Հավլաբար ու հողին հանձնեցին Մեծ Խոջիվանքում։ Մաա՜շ…
Ամբողջությամբ՝ vnews.am