Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 24-ամյակը տոնել է Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում․ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման պրեմիերան համընկել էր Իննայի ծննդյան օրվա հետ։ «Սա պատմական ծնունդ էր․ սա ծնունդ չէր, վերածնունդ էր»,- խոսելով տարեդարձի մասին՝ ծիծաղելով ասաց Իննան։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներկայացման պրեմիերայի, առաջին անգամ հանդիսատեսի առաջ ներկայանալիս իր զգացողությունների, տարեդարձի օրվա և ցանկությունների մասին։
«Չեմ հիշում՝ ինչպես անցավ պրեմիերան։ Հիշողությունիցս 1.5 ժամ ջնջվել է, մանր դետալներ եմ սկսում հիշել։ Ինձ երկար տրամադրել ու նախապատրաստել էի, մինչև պրեմիերան նույնիսկ փորձում էի դահլիճում երևակայական հանդիսատես պատկերացնել, բայց երբ վարագույրը բացվեց, տեսա, որ դահլիճում տեղ ու դադար չկա, իրական, ամենաիսկական հանդիսատեսը նստած է, առաջինն մտքովս անցավ, որ «վալերյանկա» պիտի խմեի։) Սիրտս սկսեց կայծակնային արագությամբ բաբախել։ Էմոցիոնալ կոնտեքստում քամվեցի։ Ներկայացման վերջին տեսարաններում արդեն ձայնս ականջիս սովորական երանգով չէր հնչում, երևի, հուզմունքից էր։ Ակնկալիք-արդյունք-էներգիայի մասին հիմա չեմ կարող խոսել. այս ներկայացումը դեռ մի քանի ամսվա կյանք ունի. միայն պրակտիկան և ընթացքը ցույց կտան, թե ինչ կլինի»,- ասաց դերասանուհին։
Ըստ Իննայի՝ զգացողություններն ու հուզմունքը հասել են գագաթնակետին ներկայացման վերջում․ «Ներկայացման ավարտին ծափահարություններ էին լսվում, բայց հանդիսատեսին մշուշի մեջ էի տեսնում։ Անբացատրելի երևույթ է. ողջ ներուժս տրամադրել էի ոտքի վրա մնալուն, բայց վարագույրը փակվելուն պես, երևի, ուշագնաց եղա, ոչինչ չեմ հիշում։ Երբ սկսեցի իրականությունն ընկալել, թատրոնի տնօրենի կինը՝ Ադելն էր աչքիս առաջ, ուզում էի գրկել, ուժ չունեի: Բուժաշխատողն ու թատրոնի գործընկերներս արդեն բեմում էին՝ ինձ մոտ։ Երևի, սա բեմից վախը հաղթահարելու ազդակ էր կամ չգիտեմ ինչ, երբեք չէի ապրել, չէի զգացել նման բան։ Ռեժիսորի հետ դեռ պիտի քննարկենք հետագա շտկումներն ու փոփոխությունները»։
Ամբողջությամբ՝ life.tert.am