Համացանցում կադրեր են հայտնվել 51-ամյա Ջուլիա Ռոբերտսի ֆոտոշարքից, որն արվել է Calzedonia ապրանքանիշի նոր գսվազդային արշավի համար: Դերասանուհին արդեն մի քանի տարի է՝ այդ ապրանքանիշի դեմքն է: Լուսանկարներում նա Alexander McQueen ապրանքանիշի բաց վարդագույն զգեստ-պիջակն է կրում եւ ապրանքանիշի նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի` տարբեր պրինտերով զուգագուլպաներ:
Դատելով կադրերից` Ռոբերտսը գնումներ է կատարել ապրանքանիշի խանութներից մեկում, ապա տոպրակները ձեռքին` ժպիտով քայլում է քաղաքի փողոցներով: Նոր ֆոտոշարքը Ջուլիայի երկրպագուներին հիշեցրել է «Սիրունիկը» (Pretty Woman) ֆիլմի տեսարանը, որը դերասանուհուն հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում:
Ըստ կատակերգական մելոդրամայի սյուժեի` Ջուլիայի հերոսուհին եւս հաջող գնումներից հետո շրջում է քաղաքում: Այդ կադրերում Ռոբերտսը սպիտակ զգեստ է կրում, որն ինչ-որ առումով նման է զգեստին, որով նա ներկայացել է նոր ֆոտոշարքում: Նկարահանումները տեղի են ունեցել մայիսի վերջին Վերոնայում:
Թեեւ «Սիրունիկ»-ի՝ էկրաններին հայտնվելուց երկար տարիներ են անցել, դերասանուհուն շարունակում են հարցեր տալ ժապավենի մասին: Վերջերս Ռոբերտսը հայտարարել է, որ 1990-ականների վերջից կինոարտադրության ոլորտում շատ բան է փոխվել եւ նշել է, որ չի կարծում, թե մեր ժամանակներում հնարավոր էր այդպիսի ֆիլմ նկարահանել: Աստղը նաեւ խոստովանել է, որ «Սիրունիկ»-ի դեպքում այլ, անուրախ վերջաբան էր նախատեսվում։
«Նա հերոսուհուն պետք է դուրս աներ մեքենայից, գումար շպրտեր ու պարզապես հեռանար` նրան ինչ-որ կեղտոտ խաչմերուկում թողնելով»,- լրագրողներին հայտնել էր դերասանուհին: