Բարդ չէ նկատելը, որ տիեզերական թռիչքների մասին էկրանային գեղարվեստական ֆիլմերը, որոնք երկար ժամանակ գրվել են բացառապես էքշնի և արկածախնդրության սիրահարներին, կրկին դարձել են ժանր, որտեղ նկարահանվում են բարդ դրամաներ:
Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» շարունակում է այս հաճելի միտումը: Վենետիկի կինոփառատոնից հետո այդ ֆիլմն արդեն արժանացել է քննադատների հավանությանը:
Բրեդ Փիթը խաղում է տիեզերագնաց Ռոյ ՄաքԲրեյդի դերը`միշտ հանգիստ մասնագետ, որի զարկերակը նույնիսկ արտակարգ պահերին չի գերազանցում նորմը: Տիեզերքում մի շարք էներգիաների բռնկումներ տեղի ունենալուց հետո, որոնք սպառնում են ամբողջ մարդկությանը, Ռոյը մեկնում է երկար ճանապարհորդություն դեպի Նեպտուն մոլորակ: Ի վերջո, այն, ինչ տեղի է ունենում, կարող է կապված լինել նրա հոր հետ: Ժամանակին նա ղեկավարում էր գաղտնի տիեզերական արշավախումբ, բայց անհետացավ տարօրինակ պայմաններում:
Հին պատմությունը՝ նոր կերպարով
Նկարագրությունից հնարավոր էստեղծվի տպավորություն, որ այս ֆիլմը հայտնի ֆանտաստիկ ֆիլմերի ժառանգորդն է: Այս ֆիլմում կա թե՛ համամարդկային վտանգ, թե՛ հերոսի անձնական մտավախությունները, թե՛ հերոսի անձնական շահերը և թե՛մարդկությանը փրկելու պատասխանատվությունը:
Հետաքրքիր է նաև այն, որ Ռոյի սիրուհու դերը խաղում է Լիվ Թայլերը, իսկ դա հիշեցնում է «Արմագեդոնը», իսկ օպերատորը հայտնի Հոյտ վան Հոյտեմն էր, ով նկարահանեց «Ինտերստելլարը»:
Թրեյլներում կան շատ պայթյունների, անկումների, կրակոցների տեսարաններ: Իսկ ինչու՞ սա տիպիկ բլոքբաստեր չէ՝ սուպերհերոսների մասին:
Քանի որ սրանք, երևի թե, միակ բաներն են, որ հիշեցնում են այդ ֆիլմերը: Այստեղ գլխավոր դերում ոչ թե գործողություններն են, այլ հերոսի անձնական մտորումները:
Պատահական չէ, որ բնօրինակում ֆիլմը ստացել էր լատինական Ad Astra անունը, որը շատերին հայտնի է Per Aspera ad Astra արտահայտությամբ («փշերի միջով դեպի աստղերը»): Պարզ է դառնում, որ այստեղ խոսքը հերոսի անձնական զարգացման մասին է:
Ռոյը գնում է Տիեզերք՝ գտնելու իր հորը, ով վաղուց լքել է իր ընտանիքը: Բայց հերոսին դա պետք է միայն իր համար: Նա պետք է վերջապես թողնի անցյալը, դառնա լիարժեք մեծահասակ և չմտածի մանկության խնդիրների մասին:
Մնացած ամեն ինչ մնում է հետին պլանում: Հետևաբար,ֆիլմը չի կարելի անվանել մարդկության ոչնչացման մասին ֆանտաստիկա: Գրեյը հասկացնում է, որ ապագայում առաջընթացը մարդկանց չի լավացնի: Նույնիսկ եթե բոլորը կարողանան ազատորեն թռչել դեպի Լուսին և Մարս, հանցագործությունը, կառավարության գաղտնիքները և սովորական էգոիզմը ոչ մի տեղ չեն գնա: Սա նշանակում է, որ պատմությունը հավերժորեն կկրկնի սեփական սխալները:
Հետևաբար, «Դեպի աստղերը» պարզապես թարմ տեսք է տալիս տարբեր ժամանակների դասական առասպելներին և լեգենդներին.այն ասպետի մասին, որը հաղթել է վիշապին և ինքն է դարձել նոր վիշապ, աղավաղված աստվածների մասին, կյանքի այլ ձևերի որոնման և, իհարկե, հայրերի և երեխաների մասին:
Քննադատները ֆիլմը անվանել են մոնոներկայացում՝ միայնության մասին: Իրականում ֆիլմը հորը գտնելու կամ աշխարհը փրկելու մասին չէ: Ֆիլմը ինքդ քեզ գտելու մասին է:
Քննադատները նշում են նաև, որ ուրիշ ոչ մեկին, բացի Բրեդ Փիթից, հնարավոր չէր պատկերացնել այս դերում: Չնայած նա արդեն այս տարի փայլել է Տարանտինոյի հայտնի ֆիլմում, բայց սա նրա համար իսկական դերասանական փորձություն էր: Ասվում է, որ Փիթը հաղթահարել է փորձությունը: Նա հաճախ ստիպված էր խաղալ միայն աչքերով և բացարձակապես չփոխել դեմքի արտահայտությունը:
Մյուս մնացած դերասանները, չնայած հնչեղ անուններին, մնում են ստվերում և միայն որոշ դրվագներում օգնում են գլխավոր հերոսին ճանաչել ինքն իրեն: Խոսքը, ցավոք, անգամ Թոմի Լի Ջոնսի մասին է, ով խաղում է Ռոյի հոր դերը: Հնչեղ անունները շատ են, բայց սա, միևնույնն է, մեկ դերասանի ֆիլմ է:
Քննդատաները, սակայն, նշում են, որ մեկ գլխավոր հերոս ունենալը շատ է խանգարել ֆիլմի ռեժիսորին: Վերջինիս համար դժվար է եղել համատեղել նման սյուժեն տիեզերական էշքնի ակտիվ կադրերի հետ: Դրա համար շատ տեսարաններ պարզապես շատ դանդաղ են ստացվել:
«Դեպի աստղերին» ֆիլմը Բրեդ Փիթի դերասանական տրիումֆն է՝ համատեղված տիեզերքի հրաշալի տեսարանների հետ: Բայց պետք չէ ֆիլմից սպասել բուռն գործողություններ, անսպասելի կյանքի ձևեր և այլ «Աստղային պատերազմներ»: Այս ֆիլմը մարդու անձնական ողբերգության և համամարդկային ողբերգությունների մասին է:
Սիրարփի Աղաբաբյան