«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST)-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը նկատում է, որ ներկայումս փորձ է արվում արհեստական բանականության տեխնոլոգիաներն արդյունավետորեն օգտագործել գրեթե բոլոր ոլորտներում՝ այդ թվում բժշկության, գյուղատնտեսության և այլն: Աֆեյանն արհեստական բանականության տեխնոլոգիաների ու դրանց ազդեցության մասին խոսեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված GIF19-ը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին:
Աֆեյանը նկատեց, որ «արհեստական բանականություն» ձևակերպումն այնքան էլ լավ չէ, նա կարծում է, որ պետք է լինի աուգմենտացված բանականություն: «Մեր տեխնոլոգիաներն իսկապես հարստացվող, մեծացնող տեխնոլոգիաներ են»,-նշեց Աֆեյանը:
Աֆեյանը նկատեց, որ բժշկության ոլորտում լուրջ առաջադիմություն է լինելու: Նրա կարծիքով՝ մարդիկ կարող են տատանվել՝ թույլ տալու արհեստական բանականությանը՝ իրենց հետ կապված որևէ գործողություն, մեքենայական ախտորոշում անել: «Առաջիկա տասնամյակի ընթացքում մեքենայական լուծման վրա հիմնված մոտեցումները լուրջ ցատկեր են հնարավոր դարձնելու, քայլերի հաճախականությունը մեծանալու է»,-ասաց նա:
Աֆեյանը նաև խոսեց արհեստական բանականության այն օրինակների մասին, որոնք ազդում են մարդկանց գործունեության վրա՝ բժշկության, սննդի ոլորտում, գյուղատնտեսական գործունեության մեջ: «Եվ դժվար է գտնել այնպիսի ոլորտներ, որտեղ այդ տեխնոլոգիաները առնվազն չեն փորձում արդյունավետորեն օգտագործել»,-նշեց նա:
Աֆեյանն ուրախությամբ նշեց, որ Գլոբալ ինովացիոն ֆորումը կրկին հյուրընկալել է Հայաստանում: «Վերջին 20 տարիների ընթացքում իմ և ընկերներիս գործունեությունն ուղղված էր Հայաստանի զարգացմանը, և այն, ինչի ականատես ենք լինում այսօր, անչափ ոգևորիչ է: Մեր ներդրած ջանքերը տալիս են իրենց պտուղները: Ոգևորված ենք, որ հյուրեր ունենք ամբողջ աշխարհից. նրանք կսովորեն մեր փորձից, իսկ մենք` նրանցից: Սա գուցե փոքրիկ քայլ է, սակայն մեծ նշանակություն ունի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար»,-նշեց նա: