Տարածված շատ դեղամիջոցներ, այդ թվում և նրանք, որոնք բուժում են դիաբետը, մարսողական խնդիրները, բակտերիալ վարակներն ու անգամ դեպրեսիան, կարող են իրականում մարդկանց նախատրամադրվածություն ստեղծել վարակների որոշ տեսակների հանդեպ՝ ազդելով նրանց աղիքային միկրոբիոմի հավասարակշռության վրա, գրում է Medical News Today-ը։
Դեղատոմսով բաց թողնվող դեղերն օգնում են բուժել հիվանդությունները, թեթևացնել վարակները և վերացնել որոշ քրոնիկական հիվանդությունների ախտանշանները։ Բայց երբեմն դրանք կարող են առաջ բերել տարբեր ծանրության կողմնակի էֆեկտներ։ Բժիշկները և հետազոտողները միշտ չէ, որ գիտեն բոլոր հնարավոր աննպաստ ելքերի մասին։
Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Գրոնինգենի Համալսարանական բժշկական կենտրոնը և Մաասթրիխտի Համալսարանական բժշկական կենտրոնը, ապացույցներ է գտել, որ տարածված շատ դեղեր՝ հակաբիոտիկներից մինչև հակադեպրեսանտներ, զգալի ազդեցություն են թողնում աղեհամակարգի միկրոբիոմի վրա։ Դրանք կարող են անգամ խախտել բակտերիալ պոպուլյացիաների նուրբ հավասարակշռությունը։
Դա, հետազոտողների խոսքով, կարող է ավելացնել աղիքային վարակների և առողջական այլ խնդիրների առաջացման ռիսկը, ներառյալ ճարպակալումն ու կայունությունը հակամիկրոբային դեղերի հանդեպ։
Հետազոտողները համեմատել են դեղատոմսով դեղեր ընդունած մարդկանց տվյալները նրանց հետ, ովքեր դեղեր չեն ընդունել։ Նրանք նաև ուսումնասիրել են առանձին դեղերի էֆեկտները դեղերի համադրության համեմատությամբ։ Հայտնաբերվել է, որ դեղերի 18 տարածված տեսակներ կարևոր ազդեցություն են գործում աղիքային միկրոբիոմի բակտերիալ կազմի վրա, ինչը կարող է հանգեցնել առողջության համար անցանկալի հետևանքների։ Նման հետևանքներ կարող են լինել աղիքային ինֆեկցիաները, ճարպակալումը և աղեհամակարգի առողջության հետ կապված տարբեր վիճակները։
Այդ տեսակներից ութը, ըստ երևույթին, բարձրացնում է կայունությունը հակամիկրոբային դեղերի հանդեպ։
Բացի այդ, դեղերի չորս տեսակներ ամենամեծ ազդեցությունն են ունեցել աղեհամակարգի բակտերիալ հավասարակշռության վրա։ Մասնավորապես.
- պրոտոնային պոմպի ինհիբիտորները (ՊՊԻ), որոնք նվազեցնում են ստամոքսաթթվի արտադրությունը,
- մետֆորմինը, որն օգնում է մարդկանց հաղթահարել դիաբետի 2-րդ տեսակի ախտանշանները,
- հակաբիոտիկները, որոնք պայքարում են բակտերիալ ինֆեկցիաների դեմ,
- լուծողականները, որոնք օգնում են բուժել փորկապությունը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՊՊԻ օգտագործող մարդկանց մոտ ավելի շատ մանրէներ են եղել աղեստամոքսային տրակտի վերին հատվածներում, և նրանց օրգանիզմն ավելի շատ ճարպաթթուներ է արտադրել։ Իսկ նրանց մոտ, ովքեր մետֆորմին են ընդունել, ավելի բարձր է եղել աղիքային ցուպիկի մակարդակը, մանրէ, որը կարող է առաջացնել լուծ և միզուղիների ինֆեկցիաներ։
Բացի այդ, հակադեպրեսանտների խումբը, որոնք կոչվում են սերատոնինի հակառակ ընդգրկման սելեկտիվ ինհիբիտորներ, կապված է եղել Eubacterium ramulus-ի՝ մեկ այլ վնասակար մանրէի մակարդակի բարձրացման հետ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն բորբոքված աղեհամակարգի համախտանիշ։
Օրալ ստերոիդները կապված են եղել մեթան մանրէի բարձր մակարդակի հետ, որոնք կարող են նպաստել քաշի և ճարպակալման ավելացմանը։