Ոչ միայն հիվանդացություն եւ մահացություն. տնտեսական ի՞նչ խնդիրներ է ստեղծում գրիպը
Advertisement 1000 x 90

Ոչ միայն հիվանդացություն եւ մահացություն. տնտեսական ի՞նչ խնդիրներ է ստեղծում գրիպը

Ինչպես պանդեմիկ, այնպես էլ «սովորական» սեզոնային գրիպն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան կարող ենք պատկերացնել։ Այն ոչ միայն բարդություններ է առաջացնում և սպանում տասնյակ հազարավոր մարդկանց ամեն տարի, այլև լուրջ ազդեցություն է գործում աշխարհի երկրների տնտեսությունների վրա, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայկական գրասենյակից Նունե Դոլյանը։

«Երբ խոսում ենք գրիպի մասին, պետք է հիշել, որ խոսքը ոչ միայն հիվանդացության և մահացության մասին է, այլև տնտեսական բեռի, որը ստեղծում է այդ հիվանդությունը»- ասաց մասնագետը։

Ի՞նչ կապ կա գրիպի և տնտեսական խնդիրների միջև։

Բանն այն է, որ, ինչպես բացատրեց մասնագետը, երբ մարդիկ հիվանդանում են, նրանք չեն կարողանում աշխատել. երբ հիվանդանում են երեխաները (իսկ նրանք հատկապես խոցելի են գրիպի հանդեպ), ծնողները խնամում են նրանց և նորից չեն կարողանում նորմալ աշխատել։ Բացի այդ, գրիպի բռնկման ժամանակ հսկայական բեռնվածություն է ընկնում առողջապահության համակարգի վրա, և քիչ փողեր չեն ծախսվում բուժման, կանխման և հետևանքների վերացման համար։ Այս ամենը լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա։

Մասնագետի խոսքով՝ իրավիճակը շտկել և ոչ քիչ փող խնայել կարող է գրիպի տարածումը կանխելը, օրինակ՝ պատվաստման օգնությամբ։ Համաձայն մասնագետների հաշվարկների, եթե երկրի բնակչության գոնե 50 տոկոսը պատվաստվի գրիպի դեմ, դա կօգնի խուսափել այդ հիվանդությունից և խնայել բավականաչափ փող, որոնք կարելի է ծախսել այլ հիվանդությունների դեմ պայքարում։

Ինչպես նշեց Նունե Դոլյանը, եթե երկրում հնարավորություն չկա պատվաստելու բոլորին, պետք է պատվաստել գոնե ռիսկի խմբի մարդկանց՝ հղի կանանց, մինչև 5 տարեկան երեխաներին, տարեցներին, բուժաշխատողներին, ինչպես նաև նրանց, ովքեր ապրում են փակ շինություններում։ Քանի որ այդ մարդկանց մոտ մեծ է վարակվելու և առավել մեծ՝ բարդությունների առաջացման ռիսկը, նրանց պատվաստումն օգնում է լուծելու ոչ քիչ խնդիրներ, ընդգծել է մասնագետը։

med.news.am