Շատերին է ծանոթ ԽՍՀՄ տարիներին նկարահանված «Գարնան 17 ակնթարթ» հեռուստատեսային ֆիլմը: Ռեժիսոր Տատյանա Լիոզնովային հաջողվել էր ներգրավել տաղանդավոր դերասանական կազմ. Լեոնիդ Բրոնեվոյ, Վյաչեսլավ Տիխոնով, Լև Դուրով, Օլեգ Տաբակով, Եվգենի Եվստիգնեև, Ռոստիսլավ Պլյատ…
Այդ տարիներին մարդիկ ստեղծագործում էին մի միջավայրում, որը բացի դիկտատուրայից, ուղեկցվում էր զավեշտալի պահանջներով…
Այս դեպքը հարցազրույցներից մեկի ժամանակ նկարագրել է դերասան Լև Դուրովը.
«Ծիծաղելի պատմության մեջ էի հայտնվել «Գարնան 17 ակնթարթ»-ի նկարահանումների ժամանակ: Հերոսս՝ Կլաուսը, նկարահանումների համար պետք է մեկներ ԳԴՀ: Բացարձակապես տեղյակ չէի, թե ինչ է նշանակում արտերկիր մեկնելու հանձնաժողով: Արտասահմանյան առաջին ուղևորությունս էր… Լիոզնովան, թե՝ վաղն անպայման կգնաք շրջխորհուրդ: Ասում եմ, բայց կոմկուսի անդամ չեմ:
«Կարևոր չէ»,- պատասխանում է ռեժիսորս,- «Որպեսզի մեկնեք ԳԴՀ (որտեղ Տիխոնովը պետք է գնդակահարի ինձ), պետք է ստուգարք հանձնեք շրջխորհրդում: Այնպես որ, կարմիր մարտական գորգը ձեզ է սպասում»:
Պատկերացում չունեի, որ այդ գորգ ասածը կատակ չէ, բառիս բուն իմաստով է… հսկա սեղան էր, պճնված տիկնայք էին, ինչ-որ քեռիներ սև փողկապներով և կարմիր խալի:
Ասում են՝
«Խնդրեմ՝ Դուրով, այբբենական կարգով դուք առաջինն եք, հետո Եվստիգնեևը, Պլյատը»:
Լուռ կանգնած եմ: Նայում են: Լռում են:
– Իսկ ինձ նստել թույլ կտա՞ք,- հարցրեցի…
Պատասխանը՝ քար լռություն: Եվ… հարց.
– Նկարագրեք ԽՍՀՄ դրոշը:
Ես սկսեցի ինձ վատ զգալ: Մորքուր-հորքուր, այս ի՞նչ է, ուզում ես իմ հայրենի երկրի դրոշը նկարագրեմ, որ կռահես աննորմալ եմ, թե՞ ոչ… Ո՞ր մի ապուշն, ասենք՝ Ամերիկայում, Եվրոպա մեկնող դերասանից կպահանջի նկարագրել իր երկրի դրոշը:
Սկսեցի պատասխանել.
– Սև պաստառ է, սպիտակ գանգ, երկու խաչաձև ոսկորով, անունն էլ՝ Ուրախ Ռոջեր: Հանձնաժողովը կաթվածահար էր: Գայլային հայացքների տարափ և նոր հարց.
– Թվարկեք ԽՍՀՄ հանրապետությունները իրենց մայրաքաղաքներով:
– Մալախովկա, Տագանրոգ, Կրիվոյ Ռոգ, Մագնիտոգորսկ,- էլի մի քանի նախկին աքսորավայրեր: Ականջներիս զարկերակների ձայնը լսում էի, մտածում էի, որ հիմա կճչամ, հո դուք հիվանդ չեք:
Վերջին հարցը. «Թվարկեք Քաղբյուրոյի անդամների անունները»:
Ուշաթափությանը մնացել էր 17 ակնթարթ:
– Ոչ մեկին էլ չեմ ճանաչում,- սա էր պատասխանս:
– Ազատ եք:
– Ձեռնաշղթաները կհանե՞ք,- հարց տվեցի հեռանալիս:
Զանգ Լիոզնովայից. «Այդ ի՞նչ եք արել: Ձեզ հեռացրել են ցուցակից»:
Զանգ թատրոնի տնօրենից. «Լյովոչկա, այդ ինչ եք արել, դուք մեզ մոտ առաջինն եք, որը հայտնվել է «չմեկնողների» ցուցակում»:
Լիոզնովան ուշաթափ վիճակում է. «Ձեզ 5 տարով զրկել են երկրից դուրս գալու իրավունքից»:
Ես էլ, թե՝
«Նոր դերասան գտեք: Տատյանուշկա, ինչու պետք է գնալ-հասնել Գերմանիա, թող Տիխոնովն ինձ հայրենիքում գնդակահարի: Ուզում եմ հայրենիքում հանգչել»:
Այդպես էլ որոշեցին. Մոսկվայի համալսարանի մոտակայքում լճակ գտան, որտեղ էլ Շտիրլիցը Կլաուսին գնդակահարեց»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը