Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանն (NASA) է ներկայացրել Լուսնի մակերեւույթին աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը: Այդ մասին հաղորդվում է նոյեմբերի 5-ին Boeing-ի կայքում հրապարակված զեկույցում:
Մոդուլը, որը կրում է Human Lander System (HLS) աշխատանքային անվանումը, բաղկացած է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու է Երկրի արբանյակի մակերեւույթ իջեցման համար, իսկ մյուսն՝ ուղեծիր բարձրանալու համար: Boeing-ի մասնագետների մտահղացման համաձայն՝ երկու բաղադրիչները պլանավորվում է արձակել Space Launch System մեկ ծանր տանող հրթիռով: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող Gateway լուսնաշուրջ կայանի կամ Orion տիեզերանավերի հետ, որոնք ստեղծում է Lockheed Martin ընկերությունը:
NASA-ն գարնանը հայտարարել, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրն ստացել է Artemis անվանումը: Այն բաղկացած կլինի երեք փուլից. առաջինը (Artemis 1) նախատեսում է Space Launch System ծանր հրթիռի վրա տեղակայված Orion տիեզերանավի անօդաչուավոր թռիչք Լուսնի շուրջը եւ դրա վերադարձը Երկիր, այդ փուլը պլանավորված է 2020 թվականի երկրորդ կեսին: Երկրորդ փուլում (Artemis 2) նախատեսվում է անձնակազմով պտույտ կատարել Երկրի բնական արբանյակի շուրջը, այն պլանավորված է 2022 թվականին: Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն մտադիր է իրականացնել Լուսնի վրա աստղանավորդների իջեցում 2024 թվականին: