Այլընտրանքային բժշկությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ. մասնագետ
Advertisement 1000 x 90

Այլընտրանքային բժշկությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ. մասնագետ

Բուժման այլընտրանքային մեթոդները, այդ թվում բուսամիջոցները մաշկի վնասվածքների թեթևացման համար կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ։ Այս մասին ասել է պորտուգալական Շամպալիմո օնկոլոգիական կենտրոնի առաջատար վիրաբույժ Մարիա Ժոաու Կարդոզուն Լիսաբոնում տեղի ունեցած Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային համաժողովում։

Մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր հինգերորդ դեպքում կաթնագեղձի քաղցկեղը մետաստազներ է տալիս մաշկին և առաջ բերում հիվանդագին ախտահարումներ։ Շատերը փորձում են ինքնուրույն լուծել այդ խնդիրը և դիմում են ժողովրդական բժշկությանը։ Բայց փորձագետները նախազգուշացնում են, որ լրացուցիչ, բժշկի հետ չհամաձայնեցված միջոցների օգտագործումը կարող է խանգարել համակարգային հակաքաղցկեղային բուժմանը (հորմոնալ և քիմիաթերապիայով) և ոչ միայն չի բարելավում, այլև դանդաղեցնում է վերքերի ապաքինումը։

Մարիա Ժոաու Կարդոզուի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի պացիենտները միշտ խորհրդակցեն իրենց բժիշկների հետ, նախքան լրացուցիչ դեղամիջոցներ օգտագործելը։ Շուկայում ամեն տեսակ բուսամիջոցները լիքն են, բայց դրանց արդյունավետությունն ապացուցված չէ, ավելին՝ ինքնաբուժումը հաճախ բացասական ազդեցություն է ունենում քաղցկեղի թերապիայի վրա։ Դա հատկապես վերաբերում է բուսամիջոցներին տեղային օգտագործման քսուքներում, որոնք դանդաղեցնում են ապաքինումը, առաջ բերում սպիների գոյացում և նվազեցնում բուժման ընթացիկ համակարգային մեթոդների արդյունավետությունը։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ արյան մակարդելիության վրա անբարենպաստ ազդեցություն են ունենում, մասնավորապես, բուսական այնպիսի բաղադրիչներ, ինչպես կանաչ չիրետան, մեղվամուշկը, սխտորը, կոճապղպեղը, գինկգո բիլոբան, ժենշենը, ալոճը, շագանակը և քրքումը։

Մյուս կողմից՝ մասնագետի խոսքով, կան մեթոդներ, որոնք կօգնեն լուծել սթրեսի խնդիրը քաղցկեղը բուժելիս. դա մեդիտացիան է, ասեղնաբուժությունը և յոգան։ Բայց չարժե մոռանալ, որ այս մեթոդները ոչ թե հակաքաղցկեղային թերապիայի այլընտրանք են, այլ ընդամենը հոգեբանական օգնության տեսակ։

med.news.am